Ռուսաստանի հարավային շրջաններում, Հայաստանում, Սև և Կասպից ծովերում սեպտեմբերի 21-ին մեկնարկել է «Կովկաս 2020» միջազգային զորավարժությունը՝ ուղղված ահաբեկչության դեմ պայքարին: Մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Չինաստանի, Մյանմայի և Պակիստանի զորքերը՝ մոտ 80.000 զինծառայողով: Հայաստանը «Կովկաս 2020»-ին ներկայացել է երկու զորախմբով: Ցամաքային և մոտոհրաձգային ստորաբաժանումները Ռուսաստանի Աստրախանի մարզում են, բանակային ավիացիան՝ Հայաստանում: Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանի ղեկավարության ներքո 20 միավոր ավիացիա է գործարկվել դեսանտային-գրոհիչ ու հարվածային ուղղաթիռներով։
Զորավարժության սցենարով 6 երկրի զինծառայողները միասնաբար պետք է պայքարեն ահաբեկչական հարձակումների դեմ, նաև չեզոքացնեն ահաբեկիչներին: Ադրբեջանը հրավիրվել է մասնակցելու համատեղ զորավարժությանը, սակայն մերժել է՝ պատճառաբանելով կորոնավիրուսային համավարակը: Փորձագետներն անհասկանալի են համարում, թե ինչպես կարող է թուրքական ջոկատների հետ օրեր առաջ հարձակողական բնույթի զորավարժություն անող երկիրը վախենալ ահաբեկիչների դեմ պայքարի համար նախատեսված վարժանքից ՝ անունը դնելով համավարակի վտանգ:
Ադրբեջանցի զինվորականները «Կովկաս 2020»-ին ներկա են դիտորդի կարգավիճակում՝ տեսնելու, թե ռազմական ինչ մեթոդներ են կիրառում հայ զինվորականները ահաբեկիչներին վնասազերծելիս:
Սեպտեմբերի 13-ին Եգիպտոս պաշտոնական այցի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը անդրադարձավ ահաբեկչության թեմային՝ Ադրբեջանի համատեքստում. «Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են»:
Միջազգային լրատվամիջոցները չեն դադարում հաղորդել Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների հովանավորության, նաև համատեղ զորավարժության անվան տակ նրանց Ադրբեջան ուղարկելու մասին:
«Կովկաս 2020» զորավարժությունը Հայաստանի, Ռուսաստանի և մյուս պետությունների մասնակցությամբ նպատակ ունի տարածաշրջանում համատեղ ուժերով արմատախիլ անել ահաբեկչության հովանավորման յուրաքանչյուր քայլ: Զորավարժությունը կտևի մինչև սեպտեմբերի 26-ը: Այդ ընթացքում Հայաստանը կկիրառի 300 միավոր ռազմական տեխնիկա, օպերատիվ-մարտավարական, բանակային ու անօդաչու ավիացիա:
Նաիրի Հոխիկյան, «Լուրեր»