Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ է գումարվել: Օրակարգում մեկ հարց է՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և կից նախագծերի փաթեթը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է արտահերթ նիստի օրակարգային հարցի երկրորդ ընթերցման քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունումից 24 ժամվա ընթացքում:
Նախագծի հրատապությունը պայմանավորված է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների ուժի մեջ մտնելու ժամկետով: Դրանք ուժի մեջ են մտնում սեպտեմբերի 23-ին:
«Այս օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով շրջանառված ենթաօրենսդրական իրավական ակտերի քննարկման արդյունքում բացահայտվել են խնդիրներ՝ այդ օրենքով նախատեսվող նոր կառույցի կարգավիճակի, դրա հաստիքների համալրման, ինչպես նաև նախատեսված կառուցվածքային փոփոխությունները սահուն և անխափան իրագործելու հետ կապված»,- նշեց Ժամակոչյանը:
Կառավարությունը սոցիալական պաշտպանության բնագավառում որդեգրել է սոցիալական ծառայությունների ինտեգրված համակարգի ներդրման քաղաքականություն, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման և այդ կարիքին արձագանքող նպաստի փոխհատուցումների և ոչ դրամական ծառայությունների ներդրման միասնական համակարգի վրա՝ նշեց փոխնախարարը:
Նախարարությունն էլ ձեռնարկել է կառուցվածքային փոփոխություններ՝ նպատակ ունենալով ստեղծել սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ, որը կմիավորի մեկ միասնական մեթոդաբանությամբ և մեկ կառույցի կողմից շահառուի կարիքների գնահատումը և տարաբնույթ աջակցության տրամադրումը՝ ներառելով զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և այլ համալիր ծառայություններ:
«Նախարարության կազմում բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակների և մարզային ենթակայության սոցիալական աջակցության 38 գործակալությունների և համայնքային ենթակայության սոցիալական աջակցության 17 բաժինների հիմքի վրա ստեղծվում է նոր կառույց՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների համալիր ծառայությունը: Սակայն ենթաօրենսդրական ակտերի քննարկման արդյունքում առաջացել են խնդիրներ նոր ստեղծվող կառույցի կարգավիճակի և դրա հաստիքների համալրման, նաև կառուցվածքային փոփոխությունները հնարավորինս սահուն իրականացնելու հարցում՝ հաշվի առնելով հենց այսօր միավորվող կառույցների՝ հանրությանը մատուցվող սոցիալական ծառայությունների ծավալը»,- նշեց փոխնախարարը:
Նախագծով առաջարկվում է գրասենյակի փոխարեն ստեղծել ծառայություն, օրենքի ուժով տալ ժամկետային, աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորություն և գործընթացի իրականացումն ապահովող ենթաօրենսդրական ակտեր մշակելու համար ժամկետը երկարաձգել մինչև 2021-ի հունվարի 1-ը: