Ազգային ժողովն 88 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և կից նախագծերի փաթեթը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն ԱԺ արտահերթ նիստին տեղեկացրեց, որ առաջին ընթերցումից հետո պատգամավոր Արտակ Մանուկյանը առաջարկել է ձեռնպահ մնալ ստեղծվող միասնական կառույցը համալիր սոցիալական ծառայության տեսքով հիմնելուց: Նա առաջարկել է փաթեթից հանել նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, քանի որ այդ դեպքում նախարարությանը ենթակա համալիր սոցիալական ծառայություն ստեղծելու անհրաժեշտություն չկա:
Ժամակոչյանը տեղեկացրեց, որ առաջարկը քննարկվել է, և կառավարությունը դիտարկել է այդ հնարավորությունը՝ ստեղծվող բարեփոխումն իրականացնել գրասենյակի կարգավիճակով, և որոշել է ընդունել այն: Գրասենյակի աջակցող ստորաբաժանումների գործառույթները կիրականացվեն նախարարության ռեսուրսներով, կարիք կլինի լրացուցիչ ժամանակի, ուստի անցումային դրույթներում երկարաձգվել է ժամկետը: