Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Զվարթնոց» տաճարում մասնակցել է «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ մարզպետները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներն ու պաշտոնատար այլ անձինք:
Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին՝ «Մոշ» ստուդիոյի հիմնադիր Արմինե Աղաջանյանին, անասնաբույժ Սուրեն Վարդանյանին, արծաթագործներ Անի Սարգսյանին և Նարինե Եղոյանին, «Լուսիա ֆուդ» ընկերության հիմնադիրներ Լուսինե Բարաթյանին և Ռաֆայել Մարտիրոսյանին, «Ասպ» հեծյալ ակումբի հիմնադիր Տիգրան Բաղիշջանյանին, եռաչափ տպիչներ արտադրող ընկերության հիմնադիր Արթուր Խոջաբաղյանին, դիզայներ, կոշկակար Հայկ Անանյանին, «Twinz» ակնոց արտադրող ընկերության հիմնադիրներ Բաբկեն և Դավիթ Խաչատրյաններին, խխունջաբույծ Վահե Հախվերդյանին, մեղվաբույծ Կարլեն Ճաղարյանին, հրուշակագործներ Յոլանտ Հատտատին և Ռաֆֆի Ռշտունիին, ինժեներ, Ռոբբին ռոբոտի համահեղինակ Կարեն Խաչիկյանին:
Մասնակիցներից մեկին՝ 13-րդ գլխավոր մրցանակ-արձանիկը հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս տարի նաև երկու հատուկ մրցանակ էր նախատեսված: Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար խորհրդանշական մրցանակ են ստացել բժիշկները, հուլիսյան հերոսական մարտերի համար՝ զինծառայողները: Մրցանակները հանձնվել են բժիշկ Սարգիս Ղազարյանին և ժամկետային զինծառայող Նարեկ Հակոբյանին:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես, նշել է. «Իսկապես հրաշալի երեկո ստացվեց: Նախորդ տարի Գյումրիում տեղի ունեցավ «Մեր ժամանակների հերոսը» առաջին մրցանակաբաշխությունը, և իսկապես տպավորիչ միջոցառում էր: Այս տարվա միջոցառումն ավելի լավն է: Եվ ակնհայտ է, որ մի շատ կարևոր իրադարձություն է հայտնվել՝ ի դեմս «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության: Եվ հիմա արդեն վստահ եմ, որ մենք բոլորս սպասելու ենք ամեն տարի այս օրվան՝ «Մեր ժամանակների հերոսներին» փառաբանելու համար:
Մեր այսօրվա միջոցառումն սկսվեց ընդգծմամբ, որ այս տարվա իրական հերոսները մեր զինվորներն ու բժիշկներն են: Եվ շատ խորհրդանշական է, որ այս տարի իմ առաջարկով և հանրապետության նախագահի հրամանագրերով Զինված ուժերի կապիտան Ռուբեն Սանամյանը և վաստակաշատ բժիշկ Հրայր Հովակիմյանն արժանացան Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչման: Եվ դրանով արդեն այս տարվա խորհուրդն իսկապես ամբողջացավ: Բայց նաև կարևոր է, որ մենք փառաբանում ենք «Մեր ժամանակների հերոսներին», մենք դրանով փառաբանում ենք մարդու, քաղաքացու ստեղծարար ներուժը:
Շատ հերոսներ իրենց մրցանակը ստանալով՝ շնորհակալություն են հայտնում կառավարությանը: Իրականում կառավարությունն է շնորհակալ այդ մարդկանց, որովհետև նրանք իրենց գոյությամբ, իրենց գործունեությամբ ապացուցում են, որ այն ինչի մասին մենք ասում ենք, դա հնարավոր է, դա իրական է: Մենք խոսում ենք անհատական ջանքի առանցքային և շրջադարձային նշանակության մասին: Մենք խոսում ենք այն մասին, որ յուրաքանչյուր մարդ կարող է կերտել իր միջավայրը, կարող է կերտել իր բարեկեցությունը, և, իհարկե, այստեղ կառավարության դերն առանցքային է՝ քաջալերելու մեր ժամանակների հերոսներին:
Գլխավոր մրցանակակրի մասին: Իհարկե, մեր հաղորդաշարի հերոսները՝ բոլորն արժանի են գլխավոր մրցանակի, բայց մենք մտածում էինք, թե ինչ առանձնահատկություն պետք է ունենա գլխավոր մրցանակակիրը: Եվ կարծում եմ՝ այդ առանձնահատկությունը հետևյալն է. մեր գլխավոր հերոսը զարմանալի հետևողականություն է ցուցաբերել ինքն իր կյանքը փոխելու հարցում: Ընդ որում՝ իր կյանքը փոխելու անհրաժեշտություն, մեզ հայտնի պատճառներ չի ունեցել:
Ունեցել է աշխատանք, ընդ որում, բավականին երկար աշխատել է բանկային համակարգում, այնուհետև աշխատել է պետական կառավարման համակարգում, բայց, ի վերջո, որոշել է գնալ ոչ թե սովորական պաշտոնյայի կարիերայի հետևից, այլ որոշել է գնալ ստեղծագործական հաճույքի, ստեղծագործական վայելումի և ստեղծագործական երջանկության հետևից և գնացել է ու որոշել ստեղծել խաղալիքներ երեխաների համար: Գնացել և որոշել է ստեղծել այնպիսի խաղալիքներ երեխաների համար, որ նրանց կսովորեցնի կառուցել, նրանց կսովորեցնի ստեղծել, նրանց կսովորեցնի արարել: Եվ ուրեմն՝ մեր գլխավոր մրցանակակրի անունն է Սևակ Մարկոսյան»: Վարչապետը 13-րդ գլխավոր մրցանակը հանձնել է «Մարկոս թոյս» ընկերության հիմնադիր Սևակ Մարկոսյանին: