Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին: Միջազգային կառույցի Երևանի գրասենյակից հաստատում են, որ այցերը եղել են օգոստոսի ընթացքում և սեպտեմբերին:
Զառա Ամատունի, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար - Գուրգեն Ալավերդյանին ևս այց եղել, այո իրեն ևս այցելություն եղել է: Ըստ մեր ընթացակարգերի, հնարավորություն է տրվել կիսվել իր կողմից ընտանիքի հետ:
Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանն օգոստոսի 22-ին, ժամը 19:30-ի սահմանում շփոթվել և մոլորվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով՝ մարտական հենակետը ստուգելիս: Ադրբեջանը հայ սպային ներկայացրեց որպես դիվերսանտ: Ալավերդյանին այցելության մասին հարցը վերջին անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ուղղել էինք շաբաթ, ուստի ենթադրվում է, որ հայ սպային տեսակցությունը տեղի է ունեցել կամ կիրակի, կամ երկուշաբթի՝ գերեվարումից 1 ամիս անց:
Զառա Ամատունի, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար - Նման աշխատանքներում, սովորաբար, առաջինը տեղեկացվում են ընտանիքի անդամները և համապատասխան իշխանությունների ներկայացուցիչները, դրանից հետո կարող ենք հանրայնորեն հաստատել:
Կարմիր խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց այցի ժամանակ ստուգել են նրանց պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին, հնարավորություն ընձեռել կապ հաստատել ընտանիքի հետ:
Զառա Ամատունի, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար - Կարող է լինել ավանդական դարձած նամակ, մի դեպքում` ձայնագրված ուղերձ: Ավելի շատ առաջնորդվում ենք հնարավորություններով և ո՞րն է անձի ցանկությունը: Դա էլ է շատ կարևոր: Կարող է բառերով, բանավոր փոխանցել:
Ադրբեջանում պահվում են Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, զինծառայող Արայիկ Ղազարյանը, Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը, հայ սպա Գուրգեն Ալավերդյանն ու Արցախի քաղաքացի Արսեն Բաղդասարյանը: Ինչպե՞ս է նրանց վիճակը. որպես չեզոք միջնորդ՝ Կարմիր խաչն ավելին ասել չի կարող, բայց Զառա Ամատունին վստահեցնում է՝ հենց դա է կառույցի ուշադրության կենտրոնում: Ինչ նկատում ու արձանագրում են, քննարկում են համապատասխան իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ: