«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն ԱԺ արտահերթ նիստի ընթացքում անդրադարձավ ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանի ներկայացրած տնտեսական ցուցանիշներին՝ ուղղելով դրանք:
«Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը ոչ թե 10.2 տոկոս է, այլ 5.7 տոկոս, արդյունաբերությունը ոչ թե նվազել է 2.3 տոկոսով, այլ աճել է 1.4 տոկոսով, իսկ գնաճը ոչ թե 2.4 տոկոս է, ինչպես հայտարարեց պարոն Էնֆիաջյանը, այլ 0.7 տոկոս: Եթե ցանկություն կա ինչ-որ սարսափելի թվեր ներկայացնել, ապա խորհուրդ կտամ նախորդ ճգնաժամի թվերն ուսումնասիրել:
Այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն կոալիցիա էր և նախարարներ ուներ Կառավարությունում, այն ժամանակ իրոք վախենալու թվեր էին: 14.4 տոկոս ՀՆԱ-ի անկում, որն ամենախորն էր աշխարհում, արդյունաբերության անկումը՝ 8, շինարարության անկումը՝ 36, արդյունահանման անկումը՝ 34 տոկոս, իսկ գնաճը 33.4 տոկոս էր: Դուք հայտարարեցիք, որ 700 հազար աղքատ կա, իսկ այն ժամանակ 1 միլիոն 50 հազար էր»,- հիշեցրեց Հայկ Գևորգյանը: