Այս գունավոր գրքերի հեղինակներն անկախության սերնդի գրողներ են, նոր չեն սկսում իրենց քայլերը գրական ասպարեզում: «Ժամանակակից հայ գրականությունը 29-ամյա անկախ Հայաստանի կարևոր ձեռքբերումներից է»,- գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի կարծիքն է:
Արքմենիկ Նիկողոսյան, հրատարակչության գլխավոր խմբագիր - Դարերի ընդմիջումից հետո մենք վերջապես ունենք արձակ և, ընդհանրապես, ունենք գրականություն, որն ստեղծվում է անկախ Հայաստանի գոյության պայմաններում, սա անկախ մարդու, անկախ հայի, հայ գրողի ստեղծած գրականություն է:
28-ամյա Գրիգն ամենաընթերցվող գրողներից է: Հեղինակի «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուն ունեցել է երեք հրատարակություն, ավելի քան 2000 վաճառված օրինակ: Գրում է Հայաստանում ապրողների և անտուն մարդկանց մասին, որոնց մեջ ցավ ու ողբերգություն է տեսնում: Հաջողության հետ մեկտեղ, քիչ չեն նաև դժվարությունները, որոնց ինքն ու գրչակից ընկերներն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ստիպված են լինում բախվել.
Գրիգ, գրող - Գրողի համար դժվարությունը հենց գրելու նյութն է, որովհետև եթե քո սոցիումում չկան պրոբլեմներ, ուրեմն գրելու նյութն էլ է դժվարանում: Այդ դժվարությունները նոր պատմվածքների, նոր վեպի նյութ են և կոնֆլիկտներից պետք չէ խուսափել:
Հովհաննես Հովակիմյանը «XXI» մատենաշարի նոր հեղինակներից է, նրա պատմվածքները տպագրվել են գրական թերթերում և ամսագրերում: Կանաչավուն գիրքն անվանել է «Չվեպ», որովհետև, եթե պատմվածքների վերնագրերը հանի, կնմանվի վեպի: Գիտի, որ մուտքը գրական ասպարեզ հեշտ չի լինելու, բայց համարձակվել է ասելիքը հանրայնացնել ու գիրքը տպագրության ուղարկել.
Հովհաննես Հովակիմյան, գրող - Գուցե ընթերցողների մի մասին դուր գա, գուցե մի մասին դուր չգա, բայց, այնուամենայնիվ, մի բան կարող եմ ասել, որ այն, ինչ այստեղ գրված է, դա հնարավորինս մոտ է իրականությանը, որովհետև հենց իմ գրական տրամաբանության մեջ եմ դա դրել` գրել իրական, գրել անկեղծ ու չխաբել ընթերցողին:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով՝ «XXI» մատենաշարով լույս տեսնող ցանկացած գրողի ստեղծագործություն կարևոր այցեքարտ է: Հաջողված օրինակներ ունեն՝ Արամ Պաչյանի, Հրաչյա Սարիբեկյանի ու Գրիգի գրքերը, որոնք թարգմանվել են նաև մի քանի լեզուներով, արտասահմանում վաճառվել ավելի շատ, քան Հայաստանում.
Արքմենիկ Նիկողոսյան, հրատարակչության գլխավոր խմբագիր - Որոշ դեպքերում դրսում գրքերն ավելի շատ են վաճառվել՝ թարգմանվելով, քան այստեղ՝ Հայաստանում, օրինակ՝ Արամ Պաչյանի Ռոբինզոնը միայն Ուկրաինայում մոտ 2000 տպաքանակ է ունեցել, չհաշված մյուս լեզուները:
Գրողներն ու գրականագետները չեն ընդունում տարածված կարծիքը, թե Հայաստանում ժամանակակից գրականություն չեն կարդում: Նշում են՝ նոր սերնդի գրողները Վարդգես Պետրոսյանի կամ Հրանտ Մաթևոսյանի ոճով չեն գրում՝ ժամանակներն են ուրիշ. 21-րդ դարն այլ մարտահրավերներ ունի, իրենք գնում են այդ խնդիրները գեղարվեստական գրականություն բերելու ճանապարհով: