Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի՝ «Մարտի 1»-ի մայր գործի նյութերն ամբողջությամբ տրամադրելու միջնորդության լուծումը մինչև սույն գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը։
Դատարանը գտնում է, որ դատավարության ներկա փուլում հնարավոր չէ անդրադառնալ մեղադրանքի հիմքում ընկած փաստերին և դրանց վերաբերող ապացույցներին, նախքան դրանց պատշաճ հետազոտելը դատավարության ընթացքում, և այս փուլում հնարավոր չէ գնահատական տալ պաշտպանների միջնորդության հիմքում ընկած փաստարկներին։
Պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ այս որոշմամբ դատարանը զրկում է պաշտպանական կողմին գործի բոլոր նյութերին ծանոթանալու հնարավորությունից։
Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը փաստեց, որ մինչ այս պահը ներկայացված պաշտպանական իրավունքի իրացման և արդար դատաքննության վերաբերյալ բոլոր միջնորդությունները դատարանը մերժել է։