Առաջին սրբատաշ քարի օրհնության արարողությունն է; Դիլիջանի նոր կառուցվող եկեղեցին լցվեց աղոթքով ու մաղթանքով:
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան, Տավուշի թեմի առաջնորդ - Այսօր, փառք Աստծո, մեր անկախ պետականության պայմաններում մենք վերստին հռչակում ենք, որ հավատարմություն ունենք Աստծո հանդեպ, մեր ժառանգության հանդեպ, և ինքներս մեր և մեր ընթացքի հանդեպ:
Այս օրվան դիլիջանցիների մի քանի սերունդ է սպասել` գրեթե 80 տարի: Շինարարությանը մասնակցում են նաև տեղի բնակիչներ:
Լիլիթ Սիմոնյան, Դիլիջանի բնակիչ - Մեծ սիրով սպասել ենք սրտատրոփ, ամբողջ հոգով, մեր ծնողների հոգու ցանկությունն է ի կատար ածվում:
Շինարարությունը մեկնարկել է նախորդ տարվա ամռանը, կառուցվել են հիմնասյուներն ու գլխավոր հրապարակը, իսկ այսօրվանից կսկսվի ներսի պատերի երեսպատումը.
Գագիկ Չոբանյան, շինընկերության տեղամասի պետ - Սկսում ենք քարի շարվածքը, կառուցվում է հայկական տրավերտինով, քարն ունի 10 սմ հաստություն: Այս տարի 4 ավանդատներն իրենց թաղերով կավարտենք:
Կառուցվում է Դիլիջանի զարգացման հիմնադրամի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Դիլիջանի համայնքապետարանի գործակցությամբ: Եկեղեցին նախագծվել է վաղ միջնադարի հայ եկեղեցական ճարտարապետության ոճով:
Ամիրան Բադիշյան, վերականգնող ճարտարապետ, նախագծի համահեղինակ - Համալիր մոտեցումը եղել է` հարազատ մնալ 7-րդ դարի նման կառույցների ոճին: Նորմատիվները թելադրեցին, որ մենք անցնենք խառը շինտեխնիկայի` երկաթբետոնե կարկաս և ներսից ու դրսից քարի երեսպատում:
Քաղաքի եկեղեցին 30-նական թթ.-ին վայրագորեն ավերվել է, այդ ժամանակից ի վեր եկեղեցու կառուցման բոլոր փորձերը ձախողվում էին, իսկ վերջին 10 տարում, չնայած ծեսերն իրականացվում էր հին հյուրանոցային համալիրի մի շինությունում, քաղաքն ապրում է ակտիվ հորևոր կյանքով: Ինչպես տպավորիչ մանրակերտում, մոտ 3 տարի անց եկեղեցին կունենա այս տեսքը: