ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող՝ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակում Շիրակի մարզի Անի միավորված համայնքը ստացել է «Ֆորդ տրանզիտ» մակնիշի միկրոավտոբուս։ Այս մասին հայտնում են ՀՏԶՀ մամուլի ծառայությունից:
Այս համալրման միջոցով Անիում նպատակ ունեն բնակչությանը հասանելի դարձնել համայնքային ծառայությունները։ Մարալիկ, Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, Բարձրաշեն, Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Նորշեն, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ և Քարաբերդ բնակավայրերում մշակութային կյանքի ակտիվացումը, դասավանդող մասնագետների, մշակութային ու սպորտային խմբակների սաների և համայնքային ծառայություններ մատուցող անձանց` բնակավայրից բնակավայր տեղափոխման հնարավորությունը էականորեն կնպաստի կյանքի ակտիվացմանը՝ վստահ են համայնքապետարանում։ Համայնքում կստեղծվի նաև վարորդի մեկ հաստիք։
Միկրոավտոբուսի ձեռքբերման համար Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով` ՀՀ կառավարության 20 և համայնքի 5 տոկոս համաֆինասավորմամբ ներդրվել է 21 միլիոն 900 հազար դրամ։
Այս տարի Անի միավորված համայնքը ստացել է նաև 35 միլիոն դրամ արժողությամբ գրեյդեր։ Տեխնիկական նոր համալրումներ սպասվում են նաև առաջիկայում։