Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը: Նա նշեց, որ սա, թերևս, իր վերջին ելույթն է՝ որպես ԱԺ պատգամավոր:
Նշենք՝ սեպտեմբերի 17-ին Արմեն Փամբուխչյանը դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ:
Նա շնորհակալություն հայտնեց 7-րդ գումարման ԱԺ բոլոր պատգամավորներին արդյունավետ աշխատանքի համար, հատկապես նրանց, ում հետ այս ընթացքում, անկախ քաղաքական հայացքներից և ֆրակցիայից, կարողացել են կառուցել մարդկային ջերմ և լավ հարաբերություններ:
«Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել «Իմ քայլը» խմբակցությանը, որի հետ այս երկու տարվա ընթացքում մեր ընդհանուր նպատակներին ուղղված և կայացած որոշումներ ընդունեցիք: Ես բոլորիդ մաղթում եմ ուժ, եռանդ, սեր և համերաշխություն»,- ասաց պատգամավորը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ իրենց համար նույնպես հաճելի էր համատեղ աշխատանքը և հաջողություն մաղթեց Փամբուխչյանին: