Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Զվարթնոց տաճարում մեկնարկած «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր ելույթում ընդգծեց, որ հայ ժողովուրդը հարուստ է հազարավոր տաղանդավոր մարդկանցով։
«Եթե այդ տաղանդավոր մարդիկ միաժամանակ նաև աշխատասեր են, նպատակասլաց, նաև ինքնավստահ, ապա այդ մարդկանց կարող ես անվանել հերոս, որովհետև այդ մարդիկ իրենց տաղանդն աշխատեցնում են իրենց հայրենիքի համար, նաև իրենց համար, որովհետև ստեղծագործ մարդիկ են»,- ասաց նախագահը։
Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ իսկապես ցանկացած երեխա ծնվում է տաղանդով։ «Մեզանից յուրաքանչյուրի, պետության դերը նախ և առաջ կայանում է նրանում, որպեսզի կարողանանք այդ տաղանդը հայտնաբերել, օգնել, որպեսզի անհատի տաղանդը ծաղկի և ինքը ստեղծագործ աշխատանքով ծառայի և՛ իրեն, և՛ իր հայրենիքին», -ասաց նախագահը։
«Մեր ժամանակի հերոսը» մրցանակը հանձնելուց առաջ նախագահը նշեց, որ երբ բացել է ծրարն ու տեսել, թե ում է այն հանձնելու, հիշել է Բագրատ Սրբազանի մոտ մեկ ժամ առաջ ասված խոսքը, որ հերոսներն ապագայից պետք է գան:
Նախագահը մրցանակը հանձնեց Կարեն Խաչիկյանին՝ ընդգծելով, որ նա ապագայից է եկել, որը, նախագահի բնորոշմամբ, տաղանդավոր մարդ է, որովհետև զբաղվում է ոչ միայն նոր տեխնոլոգիաներով, ստեղծում է ռոբոտ, այլ հասկացել է, որ իրականում` ապագայում միայն տեխնոլոգիան և ռոբոտները չեն, որ պետք է աշխատեն, այլ պետք է աշխատի մարդկային էությունը։
«Իրար է գումարել մի քանի կարևոր արժեքներ։ Դրանցից մեկը մարդկային արժեքն է, որովհետև ինքն աշխատում է երեխաների հետ։ Երկրորդը` կրկին մարդկային է, աշխատում է հիվանդանոցում և երրորդը, իհարկե, տեխնոլոգիաներն են։ Այդ երեք սյուների վրա հիմնված ստեղծագործ աշխատանքն անպայման հաջողության պետք է հասնի»,- ասաց նախագահը՝ Կարեն Խաչիկյանին առաջարկելով, որ հաջորդ ռոբոտին անվանի ոչ թե Ռոբին, այլ Կարին։