Սեպտեմբերի 21-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել Երևանի գավաթի առաջնության արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը:
Խաղարկությունը նվիրված էր Անկախության օրվան և տևել է 15 օր:
Գավաթի հանձնմանը մասնակցել են Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, շախմատիստներ: Գավաթի խաղարկությունն առաջին անգամ և բարձր մակարդակով կազմակերպվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի կողմից՝ ոչ միայն ցուցադրելով դիտարժան խաղ, այլև գրավելով շախմատային միջազգային հանրության ուշադրությունը: 500 շախմատիստներ վիճարկել են գավաթը, անցել օնլայն ու օֆլայն մրցապայքարով:
Քաղաքային գավաթը ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանն անձամբ հանձնել է խաղարկության հաղթող, գրոսմայստեր Մանուել Պետրոսյանին: Պակաս ուժեղ չէին եզրափակչի մասնակից մյուս 7 գրոսմայստերները՝ Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովիկ Հայրապետյանը:
Գրոսմայստերների անունից նրանց ժամեր տևած համառ պայքարն ու հաղթանակները նվիրվել են 29-ամյա անկախ Հայաստանին:
Մրցանակային հիմնադրամը կազմում էր 1 մլն 800 հազար ՀՀ դրամ: