Խորհրդարանում մեկնարկել են խմբակցությունների ճեպազրույցները: Ճեպազրույցների սրահում առաջին խմբակցությունը «Բարգավաճ Հայաստանն» էր: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին՝ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշեց, որ Ադրբեջանի, Թուրքիայի նախագահները շատ ակտիվ տեղեկատվական, նախապատրաստական աշխատանքներ են տանում հնարավոր նոր ռազմական սադրանքների գնալու ուղղությամբ:
«Այն հայտարարությունները, որոնք մենք լսում ենք վերջին օրերին, շատ հստակ ընկած են այդ նախապատրաստական տրամաբանության մեջ: Ադրբեջանը տարբեր ուղղություններով տանում է նախապատրաստական աշխատանքներ: Ինչ պետք է անենք մենք. բոլոր հնարավոր և անհնարին միջազգային խողովակներով ու հարթակներում պետք է բարձրացնենք այս հարցը և մենք ունենք այդ ապացույցները, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ փորձում է կրկին ռազմական լարվածություն գեներացնել տարածաշրջանում»,- նշեց Արման Աբովյանը: