Ստեփան Զորյանի «Խնձորի այգին» Վանաձորի Զորյանի տուն-թանգարանի, գրողի ձեռքով տնկված խնձորի այգում: Ամեն ինչ պատահական ստացվեց՝ քննարկում էին թանգարանի փոքրիկ բեմն օգտագործել մենաներկայացումների համար:
Վահե Շահվերդյան (Աբելյանի անվան պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար) - Երբ արդեն հեռանում էինք, ես տեսա՝ ինչ-որ արահետ կա էս կողմ, ասի տեսնեմ՝ էնտեղ ինչ կա, և եկա այս խնձորի այգին: Ես չգիտեի, որ էսպիսի բան կա, և անմիջապես միտք հղացա այս խնձորի այգում բեմադրել «Խնձորի այգին» գործը:
Այսկերպ աբելյանցիները նոր տարածք գրավեցին, թատրոնը դուրս բերվեց բեմական քառակուսուց, խառնվեցին թատերական պայմանականություններն ու կինոյի ռեալիստական հնարավորությունները: Հենց ներկայացման ժամանակ այգում թռչող թռչունները, թիթեռները, բեռնավորված ծառերը, շրջապատի ձայները միախառնվում և ստեղծում են արտահայտման նոր ձև ու նոր միջոցներ:
Արա Խզմալյան (ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար) - Վերջին շրջանում ամեն մի ներկայացման համոզվում եմ, որ էքստրեմալ իրավիճակները և հանրային ցնցումները, անսովոր վիճակները բարերար ազդեցություն են թողնում թատրոնի վրա, այն, ինչ այս համավարակի օրերին տեսնում ենք, թե ինչպես է թատրոնը հաղթահարում սեփական տարածքները, ինչպես է դուրս գալիս փակ տարածքներից և յուրացնում բաց տարածքները, ես կարծում եմ՝ նորություն է հայկական թատրոնի և միջազգային թատրոնի համար:
Փոխնախարար Խզմալյանը ափսոսում է, որ փոփոխվող եղանակով պայմանավորված՝ հնարավոր չի լինի երկար շարունակել բացօթյա ներկայացումները, բայց դրա փոխարեն համավարակը ստիպեց գտնել թատրոնների աշխատանքը կազմակերպելու նոր ձևեր:
Արա Խզմալյան - Տա Աստված, որ մենք շուտ հաղթահարենք համավարակը, բայց այլևս ամառային շրջանը պատկանում է թատրոնին, երկար ժամանակ մենք թերևս կունենանք այսպես կոչված անընդմեջ սեզոններ, և ամառը բոլոր թատրոնները կլինեն դրսում, և բացօթյա միջավայրում բոլոր ստեղծագործողներն կարտահայտեն իրենց ձգտումները, հույզերը և այլն:
Բացօթյա ներկայացումները ակտիվացրել են նաև Զորյանի տուն-թանգարանի աշխատանքը, քանի որ շատ թատերասերներ նաև բացահայտում են թանգարանը՝ ծանոթանալով Զորյանի կյանքին ու ստեղծագործական ուղուն, ապա դիտում նրա ստեղծագործության հիման վրա ստեղծված ներկայացումը:
Լենա Անթառանյան (Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն) - Առավոտյան ժամը 10.00-ին գալիս եմ, գիշերը 11-ին իրենց հետ գնում եմ տուն, չեմ հոգնել, քանի որ տեսա հրաշալի դերասաններ՝ իրենց կատարումով, տեսա Վահե Սուրենիչի ամենօրյա տառապալից աշխատանքը, հեշտ չէր, շատ դժվար է տրվել, ամեն օր տառապել եմ իրենց հետ:
Ցրտերը մոտենալուն պես ներկայացումներն այգում կդադարեցվեն: Աբելյանցիները փորձ ունեն բացօթյա ներկայացումների:
Տարիներ առաջ մայրաքաղաքի մարզահամերգային համալիրի աստիճաններին ներկայացրին Կովկասի արտակարգ կոմիսարը, 2018-ին՝ Կոտրած եկեղեցու տարածքում՝ Ղարաքիլիսայի ճակատամարտը: Հիմա Վահե Շահվերդյանը նոր հնարավորությունների մասին է մտածում, իսկ դրանք կան, ինչո՞ւ թատերական ներկայացումները չծառայեցնել Վանաձորի զբոսաշրջային գրավչության ավելացմանը:
Արա Խզմալյան - Ցանկացած գեղարվեստական արդյունք, որը բերում է հարակից հետաքրքրություններ և հարակից վայելքներ, բաց բնությունը և այլն բերում են նոր հանդիսատես ներգրավելու հնարավորություն և այլն: Էնպես որ, համարձակ պիտի մտնել ճգնաժամով պայմանավորված նոր փորձարարական շրջանի մեջ, և, ասեմ ավելին՝ պետք է պատրաստվել մյուս տարվա ամառային օրերին:
Ներկայացման հանդիսատեսի շարքում շատ էին հանրապետության տարբեր թատրոնների ղեկավարներ և դերասաններ: