ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն անդրադարձել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ դատախազության միջնորդությանը՝ ընդգծելով, որ այն նոր չի ներկայացվել:
«Վաղը կայանալիք դատական նիստում քննարկվելու է այն միջնորդությունը, որի կապակցությամբ առաջին ատյանի դատարանի կայացրած մերժման որոշումը դատախազության կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարան, և վերջինս կայացրել էր դատախազության բողոքը մասնակիորեն բավարարելու, առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և նույն դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ:
Խնդիրն այն է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ դատախազության և պաշտպանության կողմի ներկայացրած բողոքները վարույթ չընդունելու մասին որոշում, այսինքն՝ ուժի մեջ է մտել Վերաքննիչ դատարանի որոշումը, որի հիմքով էլ առաջին ատյանի դատարանը միջնորդությունը կրկին քննելու համար դատական նիստ է նշանակել:
Այս իմաստով ուղղակի անընդունելի են դեռևս չկայացած դատական նիստի կանխորոշված ելքի վերաբերյալ հրապարակումները, ինչպես նաև բացարձակապես իրավական հարթությունում գտնվող գործընթացը քաղաքականացնելու և ինչ-որ քաղաքական հայտարարությունների լույսի ներքո ներկայացնելու մանիպուլյատիվ փորձերը»,- հայտնել է Գոռ Աբրահամյանը: