ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմամբ պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի ավարտի կապակցությամբ ՀԲՄ-ն ամփոփել է COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ բանկային համակարգի կողմից սեփական նախաձեռնությամբ իրականացված ծրագրերն ու միջոցառումները:
Վերջիններս ներկայացնում ենք հետևյալ խմբավորմամբ՝
-
վարկային արձակուրդներ, վարկային պայմանագրերի պայմանների վերանայում.
-
մասնակցություն Կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին.
-
բանկերի կողմից իրականացված աջակցության այլ ծրագրեր:
Հիշեցնենք, որ 2020 թ․ մարտից բանկային համակարգն առաջիններից էր, որ սեփական նախաձեռնությամբ արձագանքեց և համապատասխան քայլեր ձեռնարկեց բանկի հաճախորդ ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցելու նպատակով։
ԿԲ-ի և առևտրային բանկերի համագործակցության արդյունքում ձևավորվեցին մեխանիզմներ և կարգավորումներ, որոնց կիրառումը հնարավորություն տվեց անհատական մոտեցում ցուցաբերել վարկառուների նկատմամբ, ինչպես նաև խուսափել վարկառուների կողմից վարկային պայմանագրով սահմանված վճարումները չիրականացնելու հետևանքով վարկային պատմության վատթարացումից։
Վարկային արձակուրդներ
Մարտ-մայիս ամիսների ընթացքում առևտրային բոլոր բանկերը տրամադրեցին վարկային արձակուրդներ կամ այլ կերպ վերանայեցին կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժած ֆիզիկական և իրավաբանական անձ վարկառուների գործող վարկերի պայմանները:
Հաշվետու ժամանակահատվածում վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազ. ֆիզիկական և 17.4 հազ. իրավաբանական անձ: Ընդհանուր առմամբ վերանայվել է 1.3 տրլն մնացորդով շուրջ 980 հազ. վարկային պայմանագիր, հետաձգվել է 100 մլրդ դրամի մուտքը բանկային համակարգ: Վարկային պայմանագրերի վերանայման հնարավորությունից օգտվել է բանկերի հաճախորդների շուրջ 30%-ը:
Մասնակցություն կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին
Վարկերի վերանայման նախաձեռնությանը զուգահեռ բանկերը միացան նաև ՀՀ Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերին։ Մասնավորապես՝ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային առաջին և երկրորդ ծրագրերով ՀՀ առևտրային բանկերը բավարարել են 25885 վարկային հայտ՝ տրամադրելով ավելի քան 119 մլրդ դրամ գումար։
Բանկերի կողմից իրականացված աջակցության այլ ծրագրեր
COVID-19-ի դեմ պայքարի համար հաշվետու ժամանակահատվածում ՀՀ առևտրային բանկերն իրականացրեցին նաև աջակցության մի շարք այլ ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 260 մլն դրամ։