Մատենադարանում ՀՀ անկախության 29-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի վերափոխման ռազմավարությունը մինչև 2050 թվականը:
Այն ներկայացնելուց հետո պատասխանեց նաև հարցերի: ԵՊԲՀ ուսանող Համլետ Թորոսյանը հարցրեց, թե պետությունը ի՞նչ կարող է անել միջազգային կրթական և գիտական միջոցառումներին ուսանողների մասնակցության աստիճանի բարձրացման առումով, քանի որ, ըստ ռազմավարության, նախատեսվում է երեք բուհ ունենալ լավագույն 200-յակում:
Վարչապետը նշեց, որ թիրախ պետք է ձևակերպել, որ, օրինակ, առաջիկա հինգ տարվա ընթացքում օտարերկրյա բուհերում սովորող ՀՀ քաղաքացի-ուսանողների թիվը պետք է դառնա 3000: Հաջորդ քայլը խնդիրների ձևակերպումն է, թե ինչու է, որ այսօր օտարերկրյա բուհերում կա սովորող 1000 և ոչ թե ավելի ուսանող:
«Կարող է պարզվել, որ մեր դպրոցական ծրագրերն են պրոբլեմ, որովհետև այդ օտարերկրյա բուհերում սովորելու համար TOEFL պետք է հանձնեն: Մեր դպրոցականներն ավարտելուց հետո են իմանում, որ նման բան կա, և, հետևաբար, Կրթության նախարարությունը պետք է ընդունի լուծումներ, կրթության չափորոշիչներ, առարկայական ծրագրեր, որտեղ կձևակերպի, թե մենք ինչ փոփոխություն պետք է անենք, որ լուծենք այդ խնդիրը, որ դպրոցականները պատրաստված լինեն միջազգային բուհեր դիմելու և ընդունվելու, որպեսզի մենք այդ թիրախը լուծենք»,- ասաց վարչապետը: