Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ:
Չինաստանի նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդի, կառավարության և անձամբ իմ անունից իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի բարեկամ ժողովրդին:
Չինաստանն ու Հայաստանը ավանդաբար բարեկամական երկրներ են, որոնք միմյանց հաստատուն աջակցություն են ցուցաբերում երկու երկրների առանցքային շահերից բխող հարցերում: COVID-19 համավարակի դեմ համատեղ պայքարն արտացոլում է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակն ու մեր ժողովուրդների միջև եղած խոր ու անկեղծ բարեկամությունը:
Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել՝ բազմաոլորտ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար»:
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ Բին Զայեդ Ալ Նահյանը:
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Պատիվ ունեմ Ձերդ գերազանցությանը հղելու ամենաջերմ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարգավաճում»: