Չեխիայի առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը հրաժարական է տվել երկրում կորոնավիրուսի դեպքերի նոր ալիքի ֆոնին՝ հաղորդել է Associated Press-ը:
Վոյտեխը մամլո ասուլիսում ասել է. «Մենք արդեն 9-րդ ամիսն է, ինչ գործ ունենք COVID-19-ի հետ: Կարծում եմ, որ ես և իմ բոլոր գործընկերներն օր ու գիշեր արել ենք ամեն ինչ մեր քաղաքացիներին հիվանդությունից պաշտպանելու համար: Համարձակվում եմ ասել, որ համավարակի առաջին ալիքը շատ լավ հաղթահարեցինք: Դա հարուստ փորձ էր, և չեմ կարծում, որ իմ թիմը և ես պետք է ամաչենք ինչ-որ բանից»:
Վոյտեխին կփոխարինի Ռոման Պրիմուլան՝ առաջատար չեխ համաճարակաբանը, որ նոր կորոնավիրուսային համաճարակի սկզբնական փուլում եղել է Չեխիայի առողջապահության նախարարի տեղակալ և վարակների տարածման դեմ պայքարի ազգային շտաբի պետ:
Չեխիան գարնանը հաղթահարեց վիրուսի տարածումը, բայց այժմ իրավիճակն ավելի է բարդացել: Անցած ուրբաթ Չեխիայում մեկ օրում գրանցվել է վարակի 3130 նոր դեպք:
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ԵՄ-ում վարակված մարդկանց թվի օրական աճի ցուցանիշով Չեխիան այժմ Իսպանիայից հետո երկրորդ տեղում է: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում գրանցվել է վարակի 49,290 դեպք, մահացել է 503 հիվանդ: