1991 թ. սեպտեմբեր 21-ի հանրաքվեն մեր ժողովրդի պատմության ամենակարևոր իրադարձություններից է, որի սկիզբը դրվել էր դեռ 1988-ին՝ Արցախյան շարժմամբ. նշված է Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի վարչապետի շնորհավորական ուղերձում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրաքվեի արդյունքները ամբողջ աշխարհին ազդարարեցին հայ ժողովրդի ազատատենչ կամքը՝ ունենալու անկախ ու ժողովրդավար պետություն, իսկ անցած 29 տարվա փորձությունները՝ պատերազմ, արտագաղթ, կեղծված ընտրություններ, Հոկտեմբերի 27, Մարտի 1, ճգնաժամային իրավիճակներ ու հուսալքություն, չէին կարող կոտրել հայ ժողովրդին։
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը պետական լավատեսության, քաղաքացիական վճռականության պերճախոս արտահայտություն դարձավ, որով ապացուցվեց՝ ինքնիշխան, ազատ, հզոր ու երջանիկ պետություն ունենալու հայ ժողովրդի կամքը ուժեղ է, քան երբևէ: Ինքնիշխան ու ազատ պետությունը, այդ պետության հավիտենականությունը հայ ժողովրդի ազգային օրակարգի առանցքում է ահա, և մեր բոլոր ուժերը պիտի կենտրոնացնենք այս օրակարգի ամենօրյա սպասարկման վրա:
1991 թ. այս օրը տեղի ունեցած անկախության հանրաքվեն դե յուրե բովանդակություն հաղորդեց այն բնական տարածքին, որտեղ ապրում և կենսագործում էինք մենք՝ հայերս, ու այն անվանում հայրենիք. նշված է Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում: Արարատ Միրզոյանի խոսքով՝ սեպտեմբերի 21-ից հետո մենք ոչ միայն հայ ենք, իսկ այս տարածքը հայրենիք, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, ովքեր ապրում են Հայաստանում:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Պիտի մեր գործողություններով ամեն օր ամրագրենք մեր ինքնիշխանության անշրջելիությունը, ամեն օր պիտի վերանվաճենք անկախ Հայաստան ունենալու իրավունքը և մեր լավագույն որակները ծառայեցնենք ի փառս միասնական Հայաստանի Հանրապետության:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձում էլ նշվում է՝ Անկախության օրվա լուսավոր խորհուրդը հրավեր է ազգի զավակներին վերարժևորելու անցած դժվարին ուղին:
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հիրավի, ամբողջ հասարակության հանձնառությամբ ու նախանձախնդրությամբ է ամրանում պետականությունը, առաջադիմում յուրաքանչյուրի ջանք ու ավանդով։ Ամուր պահենք միաբան ու նվիրյալ մեր ընթացքը՝ քաջ գիտակցելով, որ «միաբանությունն է մայրը բարի գործերի» (Եղիշե)։
Այն երազանքները, որ ունեինք անկախության ձգտելիս և անկախություն հռչակելիս, իրականություն են ի դեմս մեր անկախ պետականության: Հատված՝ Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձից։ Արմեն Սարգսյանի խոսքով՝ այս ճանապարհը սակայն շարունակվում է:
Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) - Մեզ համար՝ որպես ժողովրդի ու պետության, շատ բան դեռ առջևում է՝ նոր ծրագրեր, նոր նպատակներ, նոր հաղթանակներ։ Դրա համար պետք է ունենանք հստակ տեսլական, իրականանալի ծրագիր, ինչպես նաև հաստատուն կամք։
Այսօր Հայաստանի Հանրապետության 29-րդ տարեդարձը տոնում ենք ազգովի՝ որպես անբաժանելի մի մարմին և անսասան մի ուժ, լեցուն սեփական ճակատագիրը կերտողի հաստատակամությամբ ու վճռականությամբ: Արցախի նախագահի շնորհավորական ուղերձն է: Արայիկ Հարությունյանը նշել է՝ այս տարիների ընթացքում բազմիցս ապացուցել ենք, որ տերն ենք մեր բազմադարյա պատմության և գալիք սերունդների ապագայի, հանուն ազատության մղած պայքարի և այդ պայքարում տարած փառավոր հաղթանակի: