Ցանկացած մարդ, սկսած վարչապետից, ամեն օր գործի գնալիս պետք է հասկանա, թե ինքը ինչի՞ համար է աշխատում, ի՞նչ ունի անելու:
Սա Հայաստանի վարչապետի եզրափակիչ խոսքն էր, որին հասնելու համար, սակայն, տարիների դժվար ու սկզբունքային աշխատանք է անհրաժեշտ: Անկախության հռչակման երեք տասնամյակում Հայաստանը չի ունեցել պետականության կայացման տեսլական, ինչը հանգեցրել է երկրի իրավիճակային, բայց ոչ ռազմավարական կառավարման: Նիկոլ Փաշինյանը առաջարկում է հաջորդ 30 տարվա ընթացքում քայլել կոնկրետ գաղափարների, տեսլականի և գործողությունների ճանապարհով:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այդ առումով ՀՀ 30 տարվա ռազմավարությունը շատ կարևոր է մեր երկրի համար, թե մենք ինչպես ենք պատկերացնում մեր հայրենիքը 2050 թվականին: Շատ կարևոր է, որ այն ունենա գործնական նշանակություն: Եվ դա ես ուզում եմ ցույց տալ այս կառուցվածքի մեջ:
Գաղափարական առումով վարչապետը ներկայացնում է ազգային արժեքները, նպատակները, հանրային պահանջարկը և զանգվածային վերափոխման իմաստը:
Նիկոլ Փաշինյան - Մեր պատմության մեջ առաջին անգամ մենք արձանագրել ու թվարկել ենք, թե որոնք են մեր ազգային արժեքները, շատ են եղել բանավեճեր, բայց երբեք չենք թվարկել, թե որոնք են մեր ազգային արժեքները:
Ազգային արժեքների կողքին զարգացման ռազմավարության մեջ տեղ են գտել որոշ հիմնարար սկզբունքներ՝ քաղաքացու արժևորումը՝ որպես պետականության հիմք, ապահովել ազգային ինքնությունից հեռացած և հեռացողների վերադարձը, կանանց ներուժի արդյունավետ օգտագործումը բոլոր ոլորտներում, ձևավորել անվտանգ, ազատ, արժանապատիվ ու առաջադեմ հանրություն: Կարևորագույն սկզբունքների թվում վարչապետը նշում է Հայաստանի նկատմամբ միլիոնավոր անհատների վերաբերմունքի փոփոխությունը:
Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև գաղափարի իրականացման տեսալականին՝ նշելով երեք փուլով նախատեսված նպատակ՝ մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը պետք է հասցնել 5 մլն-ի, ստեղծել 1.5 մլն աշխատատեղ, հաղթահարել աղքատությունը աշխատանքով, 20-ապատկել ՀՆԱ-ն, 7-պատկել միջին աշխատավարձը, 1 շնչի հաշվով ունենալ աշխարհի ամենամարտունակ բանակը, ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, բուհերի միջազգային վարկանիշի առաջին 2 հարյուրյակում ունենալ առնվազն 3 հայկական բուհ, Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր, ունենալ 10 մլրդ և ավելի արժեքով և առնվազն 5 հազար աշխատող ունեցող ստարտափ ընկերություն, ապահովել մարզական աննախադեպ հաջողություններ՝ 25 օլիմպիական ոսկե մեդալով, ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցնել, Հայաստան այցելող շբոսաշրջիկների թիվը հասցնել 15 մլն-ի: Նիկոլ Փաշինյանի ելույթի եզրափակիչ մասը գործողությունների իրականացման 16 մեգանպատակի մասին էր:
Վարչապետի նախանշած 16 մեգանախագիծը վերաբերում են կրթության որակի բարձրացմանը, բազմազավակ ընտանիքների ավելացմանը և խրախուսմանը, պաշտպանության հզորացմանը, առողջապահական, իրավական, բնապահպանական ու տնտեսական ոլորտների արդյունավետ կառավարմանը: Նիկոլ Փաշինյանը վստահ է, այդպիսի արդյունքի հասնելու համար պետք է երկրի զարգացման համար պատասխանատվության մեկ գաղափար դնել:
Նիկոլ Փաշինյան - Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես, այսինքն՝ մեզնից յուրաքանչյուրը:
Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան