Հայաստանի վերափոխման ռազմավարությունը՝ մինչև 2050 թվականը Հայաստանի թռիչքաձև զարգացման համահայկական օրակարգը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մինչև 2050 թվականը ՀՀ բնակչությունը պետք է հասցնել առնվազն 5 միլիոնի:
Վարչապետը նշեց, որ երկրում աղքատությունը պետք է հաղթահարվի աշխատանքով, ու պետք է ստեղծվեն նոր աշխատատեղեր: Ընդգծեց, որ պետականությունը պետք է դրդի, քաջալերի անհատին կրթության, և այդ կրթության արդյուքնում ձևավորված ներուժն աշխատանքով պետք է դառնա աղքատության հաղթահարում:
Փաշինյանը նշեց, որ պետք է 20-ապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը, և այն ոչ միայն տնտեսական ցուցանիշ է, այլև ժողովրդագրական, կրթական ու աշխատանքային:
Ըստ տեսլականի՝ պետք է սովորելը դարձնել ազգային ապրելակերպ, պետք է յոթնապատկվի միջին աշխատավարձը: «Այսօր մենք ունենք բազմաթիվ աշխատատեղեր, որտեղ աշխատող մարդիկ իրենց աշխատավարձով ի վիճակի չեն հոգալ իրենց հոգսերը: Ասինքն՝ այդ աշխատանքը կա, բայց աշխատանքի արդյունքում ձևավորած աշխատավարձը չի բերում այդ ցանկալի էֆեկտին: Միջին աշխատավարձի յոթնապատկումը մեզ համար առաջնային խնդիր է»,- ասաց վարաչպետը:
Մինչև 2050 թվական առողջ ապրելակերպը պետք է դարձնել ազգային հատկանիշ, կյանքի սպասվող տևողությունը հասցնել 90 տարվա: Վարչապետը նշեց, որ տեսլականի կարևոր նպատակներից է մեկ շնչի հաշվով աշխարհի ամենամարտունակ բանակն ունենալը:
«Մեր մի զինվորն իր սպառազինությամբ, տեխնիկայի մակարդակով, իր անհատական պատրաստվածության մակարդակով պետք է լինի ամենամարտունակը, որ մեր մեկ զինվորը կարող է, օրինակ, դիմակայել պոտենցիալ հակառակորդի 7 կամ 10 զինվորի»,- ասաց Փաշինյանը:
Հաջորդ դրույթն է՝ ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը:
Վարչապետը նշեց, որ մինչև 2050 թվականը բուհերի միջազգային վարկանիշով առաջին 200-յակում առնվազն երեք բուհ ունենալու տեսլական կա:
Նախատեսվում է նաև Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր, ունենալ 10 միլիարդ և ավելի արժեքով առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և առնվազն 10 հազար աշխատող ստարտափ:
Ռազմավարությամբ մինչև 2050 թվական պլանավորվում է ունենալ առողջ շրջակա միջավայր, կլիմայադիմակայուն և էներգաարդյունավետ Հայաստան, նաև կրկնապատկել երկրի անտառածածկ տարածքները:
Վարչապետը նաև նշեց, որ պետք է նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ: «Այսպիսի ցուցանիշ կունենանք ոչ թե այն պարագայում, երբ մեզ մոտ սպորտով զբաղվում է 1000 երեխա, այլ այն պարագայում, երբ մեզ մոտ սպորտով զբաղվում է 50 հազար երեխա: Դա իր հերթին նշանակում է, որ մեզ մոտ կրթական ենթակառուցվածքները, մարզական ենթակառուցվածքները և ընդհանրապես վերափոխումը տեղի է ունեցել»,- ասաց վարչապետը:
Տեսլականի հաջորդ կետով պետք է Ֆուտբոլի ազգային հավաքականը դարձնել Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը: Վարչապետն ընդգծեց, որ թվարկված տեսլականի արդյունքում նաև պետք է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 15 միլիոնի: