Անկախության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է տարբեր բնագավառների ներկայացուցիչների: ՀՀ նախագահն իր ելույթում բոլորին շնորհավորեց Անկախության տոնի առթիվ, իսկ պարգևատրվածներին՝ նաև այսօրվա պարգևների:
«Մեր եղբայրները և քույրերը Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, բոլոր նրանք, որոնք պայքարել և նվիրվել են հայրենիքին, ովքեր զոհվել են հանուն մեր անկախության, պատգամում են մեզ բոլորիս ոչինչ չխնայել մեր երկրի ներկայի և ապագայի համար: Մենք պետք է իրականություն դարձնենք այդ պատգամները: Որպես ժողովուրդ և պետություն՝ մեզ համար շատ բան դեռ առջևում է՝ նոր ծրագրեր, նոր նպատակներ, նոր հաղթանակներ: Դրա համար կարևոր է ունենալ հստակ տեսլական և իրատեսական ծրագիր: Այդ իմաստով ողջունելի են այսօր վարչապետի և կառավարության ներկայացրած և՛ տեսլականը, և՛ ծրագրերը: Ես հույս ունեմ, որ դրանք կարժանան հանրային լայն քննարկման»,- ասաց նախագահը:
Նախագահ Սարգսյանը նաև կարևորեց այն, որ պետք է ցուցաբերել հաստատուն կամք, կարգապահություն, աշխատասիրություն, հետևողականություն և նվիրվածություն ու հավատ, որ հենց մենք ենք մեր ճակատագրի տերը:
«Այսօր մեր կողքին կրկին նվիրյալներ ունենք, որ պահպանում են մեր մշակույթի, գիտության, մեր առողջապահության և կրթության սահմանները, նվիրյալները, որոնք մեր ազգային ինքնության արժեքների կրողներն են և պաշտպանները: Նվիրյալներ, որոնք իրենք ներդրումն ունեն հայրենիքի հզորացման, հայրենի հողի անվտանգության մեծ գործում: Ձեր ստացած պարգևները և կոչումները վերստին փաստում են, որ քրտնաջան աշխատանքը, անձնվեր ծառայությունը հայրենիքի հզորացման կարևորագույն հիմնասյունն է:Մեր հայրենիքի ճակատագիրը կախված է մեզնից, մեր համերաշխությունից, միասնությունից միմյանց նկատմամբ մեր հարգանքից և հանդուրժողականությունից»,- ասաց նախագահը:
Արմեն Սարգսյանը շեշտեց, որ պետք է համախմբվել, գործել միասին:
«Մենք պետք է նայենք առաջ, ապրենք և գործենք ժամանակին համընթաց և համահունչ, բայց երբեք չմոռանանք մեր անցյալը, ավանդույթները, մեր ազգային ու բարոյական արժեքները, մեր պատմությունը, ժառանգությունը, մայրենի լեզուն և պատվով կատարենք պատմության այն փոքր կտորի պարտականությունը, որ դրված է մեր ուսերին»,- հավելեց ՀՀ նախագահը: