Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Անկախության տոնի առթիվ պաշտպանության, առողջապահության, հասարակական կարգի պահպանության, մշակույթի, կրթության, արվեստի, սպորտի, տեխնոլոգիաների, դատական համակարգի, պետական ծառայության և հանրային կյանքի այլ ոլորտներում ներդրում ունեցած մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, ստացել են կոչումներ և դասային աստիճաններ:
Պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արամ Ղազարյանը և հուշարձանագետ Սամվել Կարապետյանը պարգևատրվել են հետմահու:
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը նախագահ Արմեն Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևները և շնորհավորել Անկախության տոնի ու պարգևների և կոչումների առթիվ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը Անկախության տոնի առթիվ պարգևների հանձնման արարողությանը
«Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,
Անվտանգության խորհրդի,
Կառավարության հարգելի՛ անդամներ,
Ազգային ժողովի հարգելի՛ պատգամավորներ,
Սիրելի՛ զինվորներ և ազատամարտիկներ,
Պարոնա՛յք գեներալներ և սպաներ,
Հարգելի՛ մտավորականներ և բուժաշխատողներ,
Արվեստի, գիտության, մշակույթի հարգելի՛ գործիչներ և մարզաշխարհի ներկայացուցիչներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Նախ, թույլ տվեք բոլորիդ ի սրտե շնորհավորել Հայաստանի Անկախության տոնի առթիվ, իսկ ձեզ, սիրելի՛ պարգևատրվածներ, նաև այսօրվա պարգևների ու կոչումների առիթով։
Մեր եղբայրները և քույրերը՝ Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից, բոլոր նրանք, ովքեր պայքարել, նվիրվել են Հայրենիքին, ովքեր զոհվել են հանուն նրա անկախության, պատգամում են մեզ բոլորիս՝ ոչինչ չխնայել մեր երկրի ներկայի և ապագայի համար։ Մենք պետք է իրականություն դարձնենք այդ պատգամները:
Որպես ժողովուրդ և պետություն, մեզ համար շատ բան դեռ առջևում է՝ նոր ծրագրեր, նոր նպատակներ, նոր հաղթանակներ։ Դրա համար կարևոր է ունենալ հստակ տեսլական և իրատեսական ծրագիր, և այդ իմաստով ողջունելի են այսօր վարչապետի և կառավարության կողմից ներկայացված տեսլականը և ծրագրերը: Հույս ունեմ, որ դրանք կարժանանան հանրային լայն քննարկման:
Շատ կարևոր է նաև, որ մենք ցուցաբերենք հաստատուն կամք, կարգապահություն, աշխատասիրություն, հետևողականություն, և, իհարկե, ունենանք հավատ ու նվիրվածություն։
Նախ և առաջ հավա՛տ, որ մե՛նք ենք մեր ճակատագրի տերը:
Հավա՛տ, որ կարո՛ղ ենք մեր երազանքներն ինքներս իրականություն դարձնել:
Հավա՛տ, որ խոսքին միշտ պետք է հետևի գործը:
Այսօր մեր կողքին կրկին նվիրյալներ ունենք, ի դեմս ձեզ: Նվիրյալներ, որոնք պահում են մեր մշակույթի ու գիտության, մեր առողջապահության ու կրթության սահմանները, նվիրյալներ, որոնք մեր ազգային ինքնության, արժեքների կրողներն են և պաշտպանները, նվիրյալներ, որոնք իրենց ներդնումն ունեն հայրենիքի հզորացման, հայրենի հողի անվտանգության մեծ գործում։
Ձեր ստացած պարգևները և կոչումները վերստին փաստում են, որ քրտնաջան աշխատանքը, անձնվեր ծառայությունը Հայրենիքի հզորացման կարևորագույն հիմնասյուներն են: Շնորհակալ եմ բոլորիդ:
Ցավոք սրտի, շատերի դեմքը չտեսա և շատերին անձամբ չկարողացա երկար շնորհակալություն հայտնել: Բայց այս նշանակալի և կարևորագույն օրը չեմ կարող չհիշել մեկ-երկու անձի: Նրանցից մեկը Սամվել Կարապետյանն է, որին անձնապես ճանաչել եմ՝ դեռևս 1970-ականների վերջից, երբ Սամվելին ինձ ծանոթացրեց երջանկահիշատակ Արմեն Հախնազարյանը: Մարդ, որն իր ողջ կյանքը նվիրել է մեր ժողովրդի պատմությանը,նվիրել է և նվիրվել այդ կարևորագույն գործին: Եթե չլիներ Սամվելը, այսօր չէինք ունենա մեր հսկայական մշակույթի և պատմության մեծագույն կտորներ: Այսինքն, կլինեին այդ կտորները, բայց մենք չէինք ճանաչի: Սամվելն աշխատել է որպես բացարձակ նվիրյալ մարդ, իսկական հերոս՝ ողջ կյանքը, ամեն րոպեն նվիրված կատարելով այն, ինչի համար Աստված իրեն բերել էր Հայաստան աշխարհ: Ցավում եմ, որ այսօր Սամվելը մեզ հետ չէ:
Օրեր առաջ ես պատիվ ունեցա ստորագրելու հրամանագիր, որով Հայաստանի Հանրապետության հերոսի կոչում է տրվել Հրայր Հովակիմյանին: Հրայրին նույնպես ճանաչում եմ մոտ 30 տարի՝ 1992-ից, երբ եկավ Երևան և Միքայելյանի ինստիտուտում սկսեց իր գործունեությունը, Միացյալ Նահանգները թողեց և եկավ Հայաստան: Երբ մեր ամբողջ տարածաշրջանում կարդիոբժշկություն համարյա չկար և սրտային վիրաբուժություն չկար, Հրայրն իր ձեռքերով, իր ոգով ստեղծեց այդ դպրոցը: Իսկապես դպրոց ստեղծեց Հրայրը, որովհետև իր կենդանության օրոք տեսավ իր աշակերտներին: Եվ այսօր Հայաստանը շարունակում է լինել տարածաշրջանի լավագույն կարդիոկենտրոններից մեկը: Շնորհակալություն Հրայրին: Եվ իհարկե, ինչպես լինում է իսկական դպրոցում, իսկական վարպետի մոտ, իսկական վարպետը պետք է վայելի իր աշակերտների ստեղծագործությունը: Իր կյանքի որոշակի փուլում երբ ինքը՝ Հրայրը, սրտի կաթված ստացավ, իր աշակերտներն իրեն փրկեցին: Սա գեղեցիկ պատմություն է, և ինձ համար իսկապես մեծ պատիվ է ստորագրել Հրայր Հովակիմյանին Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչում շնորհելու հրամանագիրը:
Ես մաղթում եմ, որ մեր բոլոր բժիշկները, բժշկական սպասարկման աշխատողները՝ շտապօգնության վարորդներից սկսած մինչև բժիշկներ, գլխավոր բժիշկներ, իրենց արժանին և գնահատականը ստանան մոտ ապագայում, որովհետև նրանք բոլորը հսկայական ներդրում ունեն կորոնավիրուսի դեմ պայքարում:
Շնորհակալ եմ բոլորիդ: Ուզում եմ մեկ անգամ ևս կրկնել, որ մեր հայրենիքի ճակատագիրը կախված է մեզնից, մեր համերաշխությունից, միասնությունից, միմյանց նկատմամբ մեր հարգանքից և հանդուրժողականությունից։
Պետք է համախմբվենք։ Գործենք միասին՝ որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպը, աշխարհայացքը և պատկերացումները։
Մենք պետք է նայենք առաջ, ապրենք և գործենք ժամանակին համընթաց և համահունչ։ Բայց երբեք չմոռանանք մեր անցյալը և ավանդույթները, մեր ազգային ու բարոյական արժեքները, մեր պատմությունը և ժառանգությունը, մեր մայրենի լեզուն։ Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության օրվա առթիվ։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը։
Կեցցե՛ մեր ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։
Աստված պահապան բոլորիս»: