Հայաստանի Հանրապետության 29-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Զվարթնոց տաճարում ընթանում է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը, որի շրջանակներում հատուկ մրցանակ հանձվեց բոլոր 20 բժշկական հիմնարկների բուժաշխատողներին՝ համավարակի ընթացքում անձնվեր աշխատանքի համար։
Մրցանակը հանձնեց կորոնավիրուսը հաղթահարած Պետրոս Պետրոսյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «COVID-19» կլինիկայի ղեկավար Սարգիս Ղազարյանին։
«Հիվանդացել եմ կորոնավիրուսով, տեղափոխվել եմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկների քրտնաջան աշխատանքի շնորհիվ ապաքինվեցի և վերադարձա իմ ընտանիքին, ինչի համար հայտնում եմ շնորհակալությունս բժշկական ողջ անձնակազմին»,- ասաց Պետրոս Պետրոսյանը:
Սարգիս Ղազարյանը բոլոր բժիշկների անունից շնորհակալություն հայտնեց իրենց աշխատանքը բարձր գնահատելու, ինչպես նաև կառավարությանը կորոնավիրուսի բարդ ժամանակահատվածում աջակցելու համար:
«Շնորհավորում եմ բոլորիս ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առիթով: ՀՀ կառավարությունն այս ամիսների ընթացքում զորեղ աջակցություն է ցուցաբերել մեզ: Ողջ առողջապահական համակարգն իր կարողությունների առավելագույն չափով աշխատել և աշխատում է, որպեսզի ապահովի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը»,- ասաց Սարգիս Ղազարյանը: