Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունը ներկայացնելիս նշեց, որ գաղափարական հիմքը, որը դրված է ռազմավարության հիմքում, ներառում է մեր ազգային արժեքները (Հայոց պետականությունը, անհատը, կրթությունը, աշխատանքը), մեր ազգային նպատակները (պետականության հավիտենականությունը, ՀՀ քաղաքացիության և քաղաքացու արժևորումը, ամուր ինքնությունը, համահայկականության առանցքը), հանրային պահանջարկը և զանգվածային վերափոխման իմաստը (վերափոխել միլիոնավոր անհատների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ):
«Այս ամենը, մեր անելիքը մենք ձևակերպել ենք երեք առաջնորդող կարգախոսների մեջ:
«Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է». այս կարգախոսը կուլմինացիան է այն նպատակների, որի մասին խոսում էի: Հաջորդ կարգախոսը՝ «Կառուցենք Հայաստանը նորովի»: Հայաստանում շատ բան կառուցված է, բայց այդ կառուցված և չկառուցված շատ բաներ մենք պետք է տեղավորենք այդ ռազմավարական տրամաբանության մեջ և պետք է, այո՛, մեր երկիրը կառուցենք նորովի:
Եվ մյուս կարգախոսը, որը բխում է անհատի արժևորումից՝ «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես»: Ահա սա է մեր ռազմավարության գաղափարական հենքը»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: