Ելենա Պրոսիպկինա (ցուցահանդեսի այցելու) - Հայաստանի բարձրլեռնային լանջերից հավաքած խաղողի գինի է, իսկական գայթակղություն է, միայն բույրից գլուխս պտտվում է, հրաշալի է: Հիմնականում հայկական նռան գինի եմ խմում, բայց քանի որ չորն եմ սիրում, սա փորձեցի: Խոսքեր չունեմ:
Քաղցր, կիսաքաղցր, չոր, անպայման` խաղողի, նաև նռան ու ծիրանի. Մոսկվայի սրտում հայկական գինու իսկական տոն է: Ոչ թե մեխանիզացված եվրոպական արտադրանք, այլ հայկական բնական, շատ անգամ նաև ձեռքով հավաքած խաղողից, հին, ավանդական արտադրության բոլոր կանոնները պահպանած, մինչև 150 տարվա հնեցման գինիներ՝Ոսկեվազի, Իջևանի, Արնեիի և Հայաստանի այլ վայրերից ներկայացված են Մոսկվայի ժողովրդական տնտեսության ձեռքբերումների «Հայաստան» տաղավարում:
Անդրեյ Բոլդրեով (գինու մասնագետ) - Ես գինու հետ եմ աշխատում, բայց այս գինու գործարանի արտադրանքն առաջին անգամ եմ փորձում: Սա հայկական «Ոսկեհատն» է: Իհարկե, այս բաժակով դժվար է գնահատել գինու ամբողջ հմայքը, բայց կարող եմ ասել, որ այն շատ հագեցած է, մրգային, համեմունքներով:
Փառատոնին մասնակցում են ալկոհոլի և գինու արտադրությամբ զբաղվող 30-ից ավելի հայկական ընկերություններ, տասից ավելի դիլերներ:
Արտյոմ Մուսայելյան («Հայաստան» տաղավարի ղեկավար) - Փառատոնի նպատակը հայ արտադրողին սատարելն ու Ռուսաստանում հայկական գինի բրենդի և այլ ալկոհոլային արտադրանքի ճանաչելիության բարձրացումն է: Պետք է աջակցել, իհարկե, խաղող մշակող հայ գյուղացուն, որը համավարակի պատճառով խաղողի իրացման հետ կապված խնդիրների է բախվել»:
Ռուսական շուկայում հայկականն ամենաթանկերի շարքում է՝ մինչև 7000 ռուբլի: Բայց այստեղ այն ունի հավատարիմ սպառողի իր մեծ բանակը: Մի անգամ փորձողն այլևս չի հրաժարվում՝ ասում է ռուսական շուկայում 5 տարի 16 անուն հայկական գինի վաճառող ընկերության տնօրենը: Համավարակը նույնպես չի ազդել վաճառքի վրա:
Արայիկ Հովհաննիսյան (գինեգործական ընկերության գլխավոր տնօրեն) - Մեր հիմնական խնդիրը ռուս սպառողին բացատրելն է, որ բարձր գինը պայմանավորված է որակով: Աշխատում ենք այնպես անել, որ չհամեմատեն եվրոպական գինիների հետ, մենք գինեգործներ ունենք, որ ամնեահին եղանակներով են անում, ռուսները սկսել են մեզ ասել древний свет:
Ռուսասատանում «հայկական գինի» բրենդի առաջխաղացման համար միջոցառումների մի ամբողջ համալիր է մշակվել: փառատոնի շրջանակում էլ տրվեց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Ռուսաստանի սոմելյեների և փորձագետների միության՝ «Հայկական գինիները Ռուսաստանում» համատեղ նախագծի պաշտոնական մեկնարկը: Հայաստանի պետական աջակցությամբ Միությունը կզբաղվի կրթական և մարքեթինգային գործունեությամբ Ռուսաստանի բոլոր շրջաններում՝ Սանկտ Պետերբուրգից մինչև Նովոսիբիրսկ: Չնայած Հայաստանում գինու խաղողի այգիները ընդամենը 7 հազար հեկտար են, բայց հայկական գինին դեռ կզարմացնի աշխարհին՝ ասում է սոմլյե Արթուր Սարգսյանը:
Արթուր Սարգսյան (Ռուսաստանի սոմելյեների և փորձագետների միության նախագահ) - Մենք ակտիվորեն կպատմենք, թե այսօր ինչ է նշանակում հայկական գինին: Սա եզակի երկիր է, որը նոր է բացվում գինու աշխարհին։ Վստահաբար կարող եմ ասել, որ սպառող կգտնվի: Այսօր դրությունը փոխվել է, Հայաստանը հայտնվել է աշխարհի խոշորագույն գինեգործների ուշադրության կենտրոնում:
«Հայկական գինիները Ռուսաստանում» տեղեկատվական արշավի շրջանակներում գինու մասնագետները կայցելեն Հայաստանի գինու տարածաշրջաններ՝ երկրների միջև կարանտինային միջոցառումների ավարտից հետո: