Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Մատենադարանում մեկնարկած հանդիսավոր արարողության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի վերափոխման ռազմավարությունը՝ մինչև 2050 թվականը Հայաստանի թռիչքաձև զարգացման համահայկական օրակարգը:
Վարչապետն իր ելույթը սկսեց հարցով՝ ինչո՞ւ է անհրաժեշտ ունենալ այսպիսի ռազմավարություն:
«Արդյոք մենք այն ժամանակ մեր մտապատկերում ձևակերպե՞լ էինք միտք, թե ինչպիսին էինք մենք պատկերացնում Հայաստանը 2020-ին: Ցավոք, պիտի արձանագրեմ, որ առնվազն 30 տարվա կտրվածքով այդպիսի ռազմավարություն չի եղել, և սա գուցե պայմանավորում է մեր այսօրվա բազմաթիվ խնդիրները: Ես կուզենայի ռազմավարության նշանակությունը սեղմել՝ հասցնելով 1 օրվա կտրվածքի:
Եվ պատկերացրեք՝ այդ մեկ օրն առավոտյան արթնանում ենք և չգիտենք ուր գնալ, այսինքն՝ չգիտենք մեր անելիքը: Եվ ի՞նչ կլինի այդ պարագայում. կմնանք նույն կետի վրա և տեղապտույտի իրավիճակում կհայտնվենք: Հետևաբար Հայաստանի վերափոխման 30 տարվա ռազմավարությունը շատ կարևոր է՝ հասկանալու, թե ինչ ենք ուզում, ուր ենք գնում և ինչպիսին ենք պատկերացնում մեր հայրենիքը 2050-ին»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ռազմավարությունն ունի գործնական նշանակություն, հետևաբար պարունակում է գաղափար, տեսլական ու գործողություններ:
«Այս պահից սկսած Կառավարության ցանկացած գործողություն և ցանկացած որոշում պետք է միտված լինի այս գաղափարի, տեսլականի իրագործմանն ուղղված գործողությունների: Պետք է մեզ համար պարզ լինի, թե այդ որոշումը ինչպիսի գործողություն է դառնում, որն իրականացնում է այն տեսլականը, որը պետք է ծառայի այն գաղափարին, որը դրված է մեր ռազմավարության հիմքում»,- նշեց վարչապետը:
Իսկ ինչո՞ւ է Կառավարությունը ներկայացնում ռազմավարություն մինչև 2050 թվականը հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի վերափոխման ռազմավարությունը ոչ թե որևէ Կառավարության գործողություն է, այլ որպես համազգային շարժում, ապա հավելեց, որ Հայաստանի վերափոխման ռազմավարությունը մարդիկ պետք է իրենցը համարեն: