Ռումինիայի Նապոկա-Կլուժ քաղաքին հրաժեշտ տվեցին Բալկանյան երկրների ատլետիկայի 73-րդ առաջնության մասնակիցները։ Այս մասին հայտնում են ՀԱՕԿ մամուլի ծառայությունից:
Ստուգատեսում հաջող քննություն բռնեց Հայաստանի հավաքականը, որը 12 թիմերի պայքարում, մեդալների հաշվարկով, գրավեց վեցերորդ տեղը։
Առավել արդյունավետ էին գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանի մրցելույթները։ Մարզիչ Գրիգոր Բարսեղյանի 24-ամյա սանը առաջին էր 1500 (3 րոպ․ 47, 60 վրկ․) և 3000 մետր (8․ 12, 02) վազքատարածություններում։
Պատվո պատվանդանի առաջին աստիճանին կանգնեց նաև կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը։ Վաստակավոր մարզիչ Արսեն Պետրոսյանի աշակերտը լավագույնն էր 16 մ 53 սմ արդյունքով։
Ամերիկահայ Ալեքս Դոնիկյանը թեև 100 մետր արագավազքւմ ճանաչվեց չորրորդը, բայց նրա ցույց տված 10, 44 վայրկյան ժամանակը նոր ուղղում էր հանրապետական ռեկորդների ցանկում։ Նա, փաստորեն, մեկ տասնորդական վայրկյանով բարելավեց Արման Անդրեասյանին պատկանած 13-ամյա վաղեմության բարձրագույն նվաճումը։
Անձնական ռեկորդ սահմանեց մեկ այլ արագավազորդ՝ երևանցի Ռազմիկ Մկրտչյանը։ Բայց նրա ցույց տված 21, 89 վրկ․ արդյունքը 200 մ վազքում ժամանակի առումով 12-րդն էր։
ՀՀ հավաքականի ավագ մարզիչ Միշա Հայրապետյանը հավատում է Գյումրիի և Կապանի իր գործընկերների նպատակասլաց աշխատանքին և հույս ունի, որ անկոտրում կամքով օժտված մրցանակակիրները նույնպես ջանք չեն խնայի օլիմպիական ուղեգրի արժանանալու համար։ Օրինակ, Լևոն Աղասյանը անցյալ տարի՝ մինչ կորոնավիրուսի ի հայտ գալը, եռացատկել է 17 մ 08 սմ։ Ուրեմն նա կարող է հասնել, ավելին՝ գերազանցել իր անձնական ռեկորդը։ Հայրապետյանը գրեթե համոզված է, որ դա հասանելի է կապանյան շնորհալի երկյակի համար։ Նույնը կարելի է ասել նաև գյումրեցիների մասին։
Ավագ մարզիչը կարծում է, որ գերազանց պայմաններում, ավանդույթներով հարուստ ատլետիկայի ամերիկյան դպրոցի ներկայացուցիչների հետ պարապող Ալեքս Դոնիկյանը մեծ ցանկություն դրսևորելու պարագայում նույնպես կարող է նվաճել Տոկիոյի խաղերում հանդես գալու իրավունք։
Մեր մարզիկների հաջող ելույթներին նպաստել է նաև Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր, մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ներկայությունը, նրա հանդեպ կազմակերպիչների մեծ հարգանքը: