Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում Հայաստանի մինչև 2050 թվականի ռազմավարությունը ներկայացնելիս պատասխանեց երկու ուսանողի հարցի:
Մշակույթի զարգացման, թատրոնի և կինոյի հանրահռչակման մասին հարցին ի պատասխան՝ վարչապետը հիշեցրեց՝ 2018-ից ի վեր մշակույթի ոլորտում մի կարևոր բան է փոխվել. իշխանությունը հայտարարել է, որ մշակույթը կրթության անբաժանելի մասն է:
«Մենք մշակույթը համարում ենք կրթության անբաժանելի մաս, բայց մշակույթը համարում ենք կոնտեքստային: Քաղաքակիրթ քաղաքացին մշակութային կյանքով ապրող քաղաքացի է, և մշակույթն է, որ մեզ տալիս է այդպիսի հնարավորություն:
Երբ մենք խոսում ենք պետության հավիտենականության մասին, խոսում ենք նաև մշակութային ինստիտուցիոնալ պայմանների ապահովման մասին, որովհետև ես համոզված եմ, որ չկա զարգացած պետություն առանց զարգացած մշակույթի, չի կարող ուժեղ պետության մեջ լավ գրականություն չլինել»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: