Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ուղերձում ասվում է.
«Հարգելի Արմեն Վարդանի,
Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքներս ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Մեր երկրների հարաբերությունները հիմնվում են բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա: Դաշնակցային հարաբերությունների, բազմակողմ համագործակցության հետագա զարգացումը, անկասկած, բխում է մեր եղբայրական ժողովուրդների երկարաժամկետ շահերից և կնպաստի խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը տարածաշրջանում:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում»:
Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:
«Այս տարի Covid-19-ի համավարակի հետևանքները ստվերում են այնքան ուրախալի այս օրը: Եվս մեկ անգամ պարզ է դառնում՝ փոխկապակցված աշխարհում համընդհանուր խնդիրների լուծման համար բոլոր պետություններն ունեն միմյանց կարիքը: 2018 թվականի հայաստանյան խաղաղ փոփոխությունները և դրանցից բխած զարգացումները ցույց են տալիս, որ հայ ժողովուրդն իր ապագան կերտելու հարցում լի է լավատեսությամբ և հաստատակամությամբ: Ուստի վստահ եմ, որ Հայաստանը արդյունավետորեն կհաղթահարի նաև ներկայիս մարտահրավերները: Գերմանիան կշարունակի որպես հուսալի գործընկեր կանգնած լինել Հայաստանի կողքին:
Ձեզ և Ձեր համերկրացիներին հետայսու ևս մաղթում եմ, որ խաղաղ ու բարիդրացիական միջավայրում շարունակեք զարգացնել Ձեր երկիրը, և հույս ունեմ շուտով կրկին հանդիպել Ձեզ»,- ասվում է Գերմանիայի նախագահի շնորհավորական ուղերձում: