Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան:
Ուղերձում ասվում է.
«Պարոն Նախագահ,
Ազգային տոնի առթիվ հղում եմ ողջ Իտալիայի և անձամբ իմ ամենաջերմ շնորհավորանքները:
Երևանի և Հռոմի միջև հարաբերությունները հին են ու խոր, բայց, միաժամանակ, ուղղված են ապագային: Դրանք արտացոլված են մեր արգասավոր համագործակցության մեջ, որից մեր երկրները պարտավոր են լիարժեք քաղել կարևոր հնարավորություններ:
Այս առումով առաջնային է մնում համերաշխությունը: Բարդ մարտահրավերների պարագայում, ինչպիսին է պահպանվող համավարակը, որը նաև ստիպեց վերակազմակերպել ցանկալի և շատ սպասված Ձեր այցը, Հայաստանը և Իտալիան կարողացել են դիմակայել արտակարգ իրավիճակին և հաստատել դրական համագործակցություն ու փորձի փոխանակում առողջապահության բնագավառում: Հուսով եմ, որ նաև Եվրամիության աջակցության շնորհիվ, որում Իտալիան ևս ավանդ ունի, հնարավոր կլինի նոր վստահությամբ նայել ապագային և զարգացման ու բարգավաճման ուղուն:
Քուիրինալեի պալատում Ձեզ ընդունելու ակնկալիքով՝ ընդունեք անձնական բարեկամության հավաստիքս և հայ ժողովրդի բարեկեցության մաղթանքներս»:
Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդը և թագաժառանգ, նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդը:
«Սաուդյան Արաբիայի Թագավորության ժողովրդի և կառավարության անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանը՝ Ձեր երկրի Անկախության տոնի առթիվ՝ մաղթելով Ձեզ առողջություն և երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ շարունակական առաջընթաց և բարգավաճում»,-մասնավորապես ասվում է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդի ուղերձում:
ՀՀ նախագահին շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանը:
Անկախության տոնի առթիվ Ա.Սարգսյանին շնորհավորել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ Բին Ռաշիդ Ալ Մաքթումը:
Հանրապետության նախագահին շնորհավորական ուղերձ է հղել նաև Ճապոնիայի կայսր Նարուհիթոն: