Օգտվելով ԽՍՀՄ Սահմանադրության ընձեռած հնարավորությունից՝ ընդդեմ ԽՍՀՄ-ի։ Այսպես կարելի է բնութագրել ուղին, որով Հայաստանն ընթացավ դեպի անկախություն։ 1991-ի մարտի 17-ին նշանակված էր ԽՍՀՄ-ի պահպանման հարցով հանրաքվեն, որին պետք է մասնակցեին միութենական բոլոր հանրապետությունները։
Հայաստանի Գերագույն Խորհուրդը հաջորդաբար 2 խիզախ փաստաթուղթ ընդունեց։ 1991-ի հունվարի 30-ին Հայաստանի օրենսդիր մարմինը հանդես եկավ հայտարարությամբ, որ ԽՍՀՄ պահպանման վերաբերյալ հանրաքվեի հարցը համարում է չնախապատրաստված, իսկ անցկացումը՝ անընդունելի։ Նույն թվականի մարտի 1-ին արդեն ՀՀ ԳԽ-ն հրաժարվեց մասնակցել միութենական հանրաքվեին։ Որոշմամբ ամրագրվեց, որ միութենական հանրաքվեն հակասում է ազգերի ազատ ինքնորոշման իրավունքին, ուստի Հայաստանի տարածքում այն չի անցկացվի, իսկ ԽՍՀՄ հանրաքվեի արդյունքները Հայաստանի համար իրավական ուժ չունեն։ Նույն օրը Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմինը պատմական նշանակության մեկ այլ փաստաթուղթ էլ ընդունեց։ Որոշում կայացվեց 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացնել ԽՍՀՄ կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե։
Ադրբեջանը չէր հրաժարվել ԽՍՀՄ պահպանման հանրաքվեին մասնակցությունից, իսկ հայ ժողովուրդը վճռականորեն ընթանում էր պետականության կայացման ճանապարհով, սակայն, Սովետական միությունն էլ հեշտությամբ հանձնվելու մտադրություն չուներ։ Հայաստանի սուվերեն պահվածքը պատժելու փորձեր եղան։ 1991 թ. ապրիլի 30-ին սկսվեց «Կոլցո» օպերացիան:
Բայց ևս մեկ լուրջ փորձություն էր սպասվում մեր Հանրապետությանը: 1991-ի օգոստոսի 19-ին ԽՍՀՄ փոխնախագահ Գենադի Յանաևը, մի շարք նախարարներ, այդ թվում՝ ուժայինները, խռովության փորձ կազմակերպեցին, որի իրական նպատակը ԽՍՀՄ փլուզումը կանխելն էր:
Հայաստանի բնակչությունը վճռական «Այո՛» ասաց անկախությանը։ Քվեարկությանը մասնակցեց ընտրական իրավունք ունեցողների 95 տոկոսից ավելին, իսկ մասնակիցների 99 տոկոսից ավելին կողմ քվեարկեց անկախությանը։ Քվեարկությանը հետևում էին բազմաթիվ միջազգային դիտորդներ, Անկախության հռչակմանը հետևեց ճանաչման գործընթացը։ Հայաստանի Հանրապետությունը ճանաչեցին աշխարհի բոլոր պետությունները՝ չնչին բացառություններով։ Իսկ 1992-ի մարտի 2-ին արդեն Հայաստանը ՄԱԿ-ի լիիրավ անդամ էր։