Մատենադարանում ընթանում է ՀՀ անկախության 29-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը, որում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը մինչև 2050 թվականը՝ երկրի թռիչքաձև զարգացմանն ուղղված համահայկական օրակարգը:
Վարչապետը նշեց, որ ռազմավարությունը տեսլականի վրա հիմնված հավակնություն է, այլ ոչ թե կանխատեսելի պարտավորություն և պլան:
«Այսպիսով, մենք ձևակերպում, բարձրաձայնում ենք մեր հավակնությունը, որը ոչ պաշտոնական լեզվով կարող ենք ձևակերպել որպես երազանք: Այն ոչ միայն փոփոխություններ է ենթադրում պետական կառավարման համակարգում, այլև ենթադրում է ինչ-որ կառուցակարգերի, կանոնակարգերի, օրենքների փոփոխություններ: Այդ փոփոխությունները պետք է խորքային լինեն՝ մեզնից յուրաքանչյուրի մոտ, մեր մտքերում, մեր վերաբերմունքի մեջ»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը հույս ունի, որ այդ երազանքի և այդ մտավոր փոփոխությունների արդյունքում կլինի թռիչքաձև զարգացում:
«Այս փաստաթուղթն այպես չէ, որ մինչև 2050 թվականը պետք է ճշգրիտ նույն կերպ մնա, այս ամենի շուրջ պետք է տեղի ունենա քննարկում, որը կարող է ժողովրդի որոշմամբ, այդ թվում՝ ընտրությունների արդյունքների արտահայտմամբ որոշակի վերափոխումներ ապրել: Այս ռազմավաարությունը ոչ միայն բարեփոխումների մասին է, այլև փոխակերպումների: Մենք պետք է տեսնենք ռեալ փոփոխությունների գործընթաց, և դրանք պետք է տեղի ունենան բոլոր շերտերում ու բոլոր տեղերում՝ այդ թվում՝ հանրային հարաբերություններում: ՀՀ կամայական երկու քաղաքացիների միջև հարաբերություններում այս ռազմավաարական փոփոխությունները պետք է արտահայտվեն»,- ասաց վարչապետը: