ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգման մասին և սպառնացել է այն երկրներին, որոնք չեն հետևի այդ «պարտավորություններին»: Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռևս օգոստոսին մերժել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցները ուժի մեջ պահելու ԱՄՆ առաջարկը՝ հաղորդում է France24-ը:
Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածել, որում անվավեր են համարել ԱՄՆ ցանկացած գործողություն: Վաշինգտոնը դուրս է եկել պայմանագրից, հետևաբար իրավունք չունի պահանջել ՄԱԿ-ի պատժամիջոցները «միջուկային գործարքի» շրջանակում:
ԱՄՆ-ը, սակայն, համոզված է, որ այդ իրավունքն ունի, քանի որ մասնակցել է համաձայնագրի ստորագրմանը: Այս ընթացքում Վաշինգտոնն արդեն կիրառել է մի շարք ոլորտային, առևտրային և անձնական պատժամիջոցներ, ինչը բավական բարդացրել է Իրանի և ԵՄ համագործակցության վերսկսումը: Ըստ դիտորդների՝ ԱՄՆ-ի այս քայլը սպառնում է երկրի մեկուսացում և միջազգային լարվածության խորացում: