«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ, ցանկանում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում անկախությունն ու ինքնիշխանությունը հարատև լինեն: Անկախությունն ու ինքնիշխնությունը այնպիսի կատեգորիաներ են, որ ամենօրյա պայքարի միջոցով ապահովվելու խնդիր ունեն: Եվ այդ պայքարը յուրաքանչյուրս պետք է ապահովենք»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը:
Օրվա խորհրդի մասին խոսելուց հետո Քյարամյանը պատասխանեց լրագրողների այլ հարցերի: Ռուսական «Դոսյե» կենտրոնի կողմից հրապարակված զեկույցին անդրադառնալով՝ Քյարամյանը նշեց՝ հոդվածն ամբողջությամբ ենթադրում է հանցագործության մասին հաղորդում:
«ԱԱԾ-ն, որպես իրավապահ մարմին, բնականաբար, քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի: Նախաքննությունն արդեն իսկ սկսվել է: Սակայն դրա մասին առավել մանրամասն տեղեկատվություն այս պահին ներկայացնել չեմ կարող»,- նշեց ԱԱԾ տնօրենը:
Արգիշտի Քյարամյանը նշեց, որ հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ շատ լավ են, նաև այլ պետությունների հատուկ ծառայությունների հետ, սակայն ՀՀ ԱԱԾ-ն միտված է առաջին հերթին պաշտպանելու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը, մեր ժողովրդի ու պետության շահը: