Հայաստանը խաղաղ գործընթացի վերաբերյալ շատ հետևողական է եղել իր մոտեցումներում: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով «Լուրեր»-ի այն հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ արեց երկու երկրների` Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներին վերադառնալ առանց նախապայմանների բանակցության:
«Հայաստանը խաղաղ գործընթացի վերաբերյալ շատ հետևողական է եղել իր մոտեցումներում: Մենք առավել քան հստակ ընդգծել ենք, որ գործընթացն այլընտրանք չունի, որ կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով և դա ասում ենք բացարձակ ինքնավստահության հիման վրա, քանի որ Հայաստանն ու Արցախը ամբողջովին ի զորու են պաշտպանելու իրենց շահերն ու սահմանները, և այդ առումով մենք մնում ենք բացարձակ հավատարիմ խաղաղ կարգավորմանը:
Այդ տրամաբանության մեջ է, որ մենք պատրաստ ենք եղել և մնում խաղաղ գործընթացի շարունակությանը և շարունակելու այն աշխատանքը, որ մենք կատարել ենք այս ընթացքում: Մեր վճռականությունը երբեք չի նվազել: Մեր կողմից բանակցությունների առումով հստակություն կա, մյուս կողմի մասին ոչինչ ասել չեմ կարող: Համագործակցում ենք համանախագահների հետ, մշտապես կապի մեջ ենք»,- ասաց Մնացականյանը»,- շնորհավորելով բոլորին ՀՀ անկախության տոնի առթիվ: