ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ընդգծելով, որ նա փորձում է հակամարտության բանակցային գործընթացի «փակուղային» լինելու իմիտացիա ստեղծել:
«Երկար դադարից հետո Ալիևը երեկ որոշել է արձագանքել Փաշինյանի հրապարակած յոթ կետերին, որոնք բացառապես միտված են մթնոլորտի առողջացմանը, փոխվստահության ձևավորմանը և միջազգային մոնիթորինգային մեխանիզմների ներդրմանը՝ որպես կարևոր հիմք բանակցային գործընթացի արդյունավետության բարձրացման համար: Ընդ որում, Ադրբեջանի բռնապետ նախագահը պատասխանել է դիվանգիտական բառապաշարին ոչ հարիր, ներքին լսարանին ուղղված ձևակերպումներով:
Հայատյաց հայտարարություններով, ռազմատենչ ելույթներով և ապակառուցողական դիրքորոշմամբ աչքի ընկած Ալիևը փորձում է ստեղծել բանակցային գործընթացի՝ «փակուղային» լինելու իմիտացիա: Չկա փակուղի ո՛չ ձևաչափի, ո՛չ էլ գործընթացի առումով: Հայկական կողմը մշտապես հանդես է եկել կառուցողական դիրքերից՝ շեշտելով, որ չկա խնդրի ռազմական լուծում և միակ լուծումը պետք է փնտրել խաղաղ բանակցային գործընթացի շրջանակներում: Այդուհանդերձ, մենք շեշտել ենք, որ անվտանգությունը զիջման ենթակա չէ, իսկ անհիմն, միակողմանի զիջումների մասին խոսակցությունները՝ անընդունելի:
Հիշեցնեմ Բաքվի բռնապետին, որ և՛ ինքը և՛ իր հայրը բազմիցս համաձայնություն են տվել առաջարկվող այն լուծումներին, որտեղ ամրագրված է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը, և դա ևս անքննելի է: Ակնհայտ է, որ բանակցությունների ընթացքի և արդյունավետության համար ամենամեծ սպառնալիքը Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքն է, սադրիչ գործելաոճը, հակահայ քաղաքականությունն ու ռազմատենչ հայտարարությունները: Բանակցային գործընթացի շուրջ աշխատանքը պետք է սկսել ուժի և ուժի սպառնալիքի բացառումը շեշտելով, ինչպես նաև Ադրբեջանում առկա հակահայ տրամադրությունները փոխելու հստակ նպատակով:
Հայկական կողմերը բազմիցս են շեշտել՝ խաղաղ բանակցությունները այլընտրանք չունեն: Այդուհանդերձ, եթե Ալիևի նման ելույթներին հաջորդեն սադրիչ քայլեր Հայաստանի կամ Արցախի հետ սահմանի ուղղությամբ, ապա հայկական կողմերի արձագանքը լինելու է ավելի քան համարժեք: Ալիևը լավ կանի օր առաջ դասեր քաղի Տավուշյան դեպքերից և վերադառնա բանակցային սեղան՝ հետագա քննարկումները շարունակելու նպատակով»,- գրել է Հայրապետյանը: