Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կարծիքով Հայաստանի երրորդ հանրապետության 29-րդ տարեդարձի գլխավոր խորհուրդն է այն, որ շատ սփյուռքահայեր ներկայում ապաստան են գտնում Հայաստանում։
«Շատ սփյուռքահայեր ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում, իսկ տասնամյակներ առաջ մեր եղբայրներն ու քույրերն ապաստան էին փնտրում օտար ափերում»,-ասել է Հարությունյանը Մատենադարանում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Մենք ունենք Հայրենիք՝ կայացած զարգացող երկիր՝ Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն։ Ունենք Հայրենիք, որը մերն է, որի տերը մենք ենք։ Որպես հայ նշեմ, որ այդ օրը մենք բոլորս հպարտություն ենք ապրում»,- հավելել է Արցախի նախագահը։
Նա նաև տեղեկացրեց, որ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ պայմանավորվել են Արցախում հանրային ժամանակակից հանրային գրադարան ունենալու շուրջ համագործակցության վերաբերյալ, և քննարկել, թե նոր ժամանակակից տեխնոլոգիաներն ինչպես են աշխատում Մատենադարանում:
Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Մատենադարանի տնօրենի հետ օրերս ձեռք բերած պայմանավորվածություններին:
«Օրեր առաջ Ստեփանակերտում ընդունել էի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Նրա հրավերով այսօր այցելել եմ Մատենադարան, ծանոթացել հայ ձեռագրային ժառանգության բացառիկ նմուշներին, շրջայց կատարել արխիվային պահոցում և ձեռագրերի վերականգնման բաժնում:
Պարոն Տեր-Ղեւոնդյանի հետ մտքեր ենք փոխանակել համագործակցության ընդլայնման տարբերակների շուրջ: Մասնավորապես, նախատեսում ենք մայրաքաղաքում գործող հանրապետական գրադարանի համար արդի բոլոր չափորոշիչներին համապատասխանող պայմաններ ստեղծել, և այդ գործում Մատենադարանը, կարծում եմ, իր ծանրակշիռ մասնակցությունը կունենա»: