Յոթնամսյա լռությունից հետո նոր թատերաշրջանով է բացվում Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը: Գավառի Սեպտեմ-լը Վալոն մանկական այգում նախապատրաստական եռուզեռ է: Պատրաստվում են փոքրիկ հանդիսատեսի դատին հանձնել Գևորգ Սարգսյանի «Կախարդական սփռոցը» հեքիաթը: Այն բեմադրել էր երկու տարի առաջ նույն թատրոնի դերասան Նորայր Հերգնյանը:
Փոքրիկներից բացի ոգևորված էին նաև մեծահասակները: Վերակառուցումից հետո թատրոնն իր ներկայությամբ լցրել էր մարդկանց առօրյան: Չէին սպասում, որ բաժանումն ամիսներ կտևի: Երկարատև հարկադիր դադարից հետո կրկին թատրոնին հաղորդակից լինելու ուրախությունը համակել էր բոլորին:
Աշնանային թատերաշրջանին պատրաստվելու ընթացքն ավելի տեսանելի է դարձրել համավարակի ազդեցությունը թատրոնի վրա: Տուժել են գրեթե բոլոր առումներով` ստեղծագործական, տեխնիկական և ֆինանսական: Փորձելու են ոտքի կանգնել, հաղթահարել բոլոր դժվարությունները, միայն թե թատրոնը նորից շունչ առնի:
Հոկտեմբերին թատրոնը հնարավորություն կունենա հանդիսատես ընդունել: Դահլիճում կթույլատրվի մինչև 60 մարդու ներկայություն: Վերջապես թատերասերների դատին կհանձնվի խաղացանկի` «Փեսացուն Փարիզից» նոր ներկայացումը, որի պրեմիերան չէր կայացել կորոնավիրուսի համավարակի պատճառով: