Այսօր Ամենայն Հայոց 130-րդ կաթողիկոս Վազգեն Առաջինի ծննդյան 112 ամյակն է: Վեհափառի շնորհիվ փրկվել ու Մատենադարանին են հանձնվել բազմաթիվ ձեռագրեր ու արժեքավոր վավերագրեր: Վեհափառին բախտ վիճակվեց անձամբ մասնակցելու Հայաստանի պետականաշինության գործընթացին, իր հայրապետական օրհնությամբ պսակելով անկախությունը:
Վազգեն Առաջինը (ավազանի անունը` Լևոն Կարապետ) նախնական կրթությունը ստացել է Օդեսայի հայկական նախակրթարանում, ապա շարունակել Բուխարեստում: Նա Հայ Առաքելական Եկեղեցու 130-րդ Կաթողիկոսն է:
1943 թ-ի սեպտեմբերին ռումինահայ թեմական խորհրդի որոշմամբ կաթողիկոսը մեկնել է Աթենք, որտեղ Սբ. Կարապետ եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Նույն թվականի նոյեմբերին ընտրվել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, ապա թեմի առաջնորդ: 1948 թ-ի մայիսի 23-ին Սբ. Էջմիածնի Մայր տաճարում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը նրան օծել է ծայրագույն վարդապետ, 1951 թ-ի մայիսին՝ եպիսկոպոս: 1954 թ-ի դեկտեմբերի 31-ին ստանձնել է նաև Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդի պարտականությունները:
1955 թ-ին ընտրվելով Ամենայն հայոց կաթողիկոս՝ ծավալել է եկեղեցաշինական-վերականգնողական մեծ աշխատանք. նրա օրոք վերանորոգվել են Էջմիածնի Մայր տաճարը, Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե, Սբ. Շողակաթ եկեղեցիները, Խոր վիրապի վանքը, Գեղարդավանքը և բազմաթիվ այլ շինություններ: Մայր տաճարի շրջակաքում կառուցվել են Նահատակաց հուշարձանը, Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-կոթողը, Գալուստ Գյուլբենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը, ժամանակակից սարքավորումներով վերազինվել է Մայր աթոռի տպարանը:
1962 թ-ին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, ապա՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ:
Դեռևս 1988 թվականի փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Գորբաչովին Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը։
Վազգեն Ա-ն պարգևատրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո Կյուրիի անվան և Խաղաղության պաշտպանության կոմիտեի ոսկե մեդալներով, Ռումինիայի «Հանրապետության աստղ», ԽՍՀՄ «Պատվո նշան» և «Ժողովուրդների բարեկամություն» շքանշաններով:
Վազգեն Ա-ն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ: Վազգեն Վեհափառը ՀՀ-ում առաջինն է արժանացել Ազգային հերոսի կոչմանը՝ իր կենդանության օրոք:
Վախճանվել է 1994թ. օգոստոսի 18-ին: