Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Միացյալ Նահանգներին վերադառնալ համաշխարհային հանրություն`Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարություններից հետո: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիրակի օրը հայտարարել է, որ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները ուժի մեջ են մտել: Կազմակերպությունում համաձայն չեն սրա հետ: Միևնույն ժամանակ, այն երկրներին, որոնք չենթարկվեն պատժամիջոցները կիրառելու «պարտավորություններին», Պոմպեոն սպառնացել է «հետևանքներով» ԱՄՆ միակողմանի գործողությունների միջոցով`արդեն իսկ առաջիկա օրերին:
«ԱՄՆ-ը սխալ կողմ է ընտրել: Թեհրանի` Վաշինգտոնին ուղղված հաղորդագրությունը թափանցիկ է. վերադառնալ համաշխարհային հանրություն, գործել ստանձնած պարտավորությունների համաձայն, դադարեցնել խռովությունը: Այս դեպքում համաշխարհային հանրությունը քեզ (Վաշինգտոնին) կընդունի», - հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն:
Նրա խոսքերով` Պոմպեոյի «հորինված խաղաղությունը» ավելի մեծ անվտանգության չի բերի, իսկ Վաշինգտոնի համար գալիս են «ամենադառը օրերն ու ժամերը»:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ-Ռավանջին էլ մեկնաբանել է կատարվածը, որակելով «ապօրինի և կեղծ ամերիկյան վերջնաժամկետ»: Նա ասել է, որ ԱՄՆ-ը կհայտնվի էլ ավելի մեծ մեկուսացման մեջ, եթե «լողա միջազգային հոսանքների դեմ»: