Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի կոչ է արել Միջերկրական ծովի արևելքի հետ կապված լարվածությունը թուլացնելու նպատակով անցնել խելամիտ երկխոսության վերսկսմանը: Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
«Մենք հստակ ուղերձ ենք հղել Թուրքիային՝ եկեք վերսկսենք խելամիտ ու բարեխիղճ երկխոսությունն առանց միամտության: Այս հորդորն ուղղված է նաև Եվրախորհրդարանին: Կարծես թե, ականջալուր են լինում: Եկեք առաջ շարժվենք»,- հայտնել է Ֆրանսիայի նախագահը:
Նախօրեին Թուրքիայի իշխանությունները Մակրոնին մեղադրել էին վիճահարույց այս հարցում կրակի վրա բենզին լցնելու համար:
Բրիտանական Channel 4 News-ին տված հարցազրույցում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստանձնել է Նապոլեոնի դերը, մինչդեռ Մակրոնն այնքան հզոր չէ: