Հրատապ աջակցության վերաինտեգրման ծրագրով պետությունը հարկադիր վերադարձածներին վեց ամիս տրամադրում է բնակարանի վարձ՝ ամսական 60 հազար դրամ: 1lurer.am-ի հետ զրույցում ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը տեղեկացրեց, որ շահառու կարող են ճանաչվել ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակում վերադարձվող քաղաքացիները, չնայած ոչ բոլոր երկրների հետ Հայաստանն ունի այդ համաձայնագիրը:
«Հիմնականում ԵՄ երկրներն են, ԵԱՏՄ երկրները՝ ի դեմս Ռուսաստանի, բայց կան հարկադիր վերադարձի ենթարկվող անձինք այլ երկրներից, ինչպես, օրինակ՝ Թուրքիայից, նրանք ևս կարող են դառնալ շահառու»,- ասաց Դավթյանը:
Տիկին Գոհարն այդ ծրագրի շահառուներից է ու բնակվարձ է ստանում պետությունից: 1lurer.am-ի հետ զրույցում ասաց, որ 15 տարի Թուրքիայում ապրելուց հետո չորս ամիս է՝ հայրենիքում է: Կորոնավիրուսի հետևանքով այդ երկրում աշխատանքից զրկվել ու անօթևան է մնացել:
«Արդեն ապրելու հնարավորություն չունեի, իսկապես ապրելու հնարավորություն չունեի: Ես սովի պետք է մատնվեի կամ փողոցում գիշերեի: Տեղեկացա, որ կարող եմ գալ իմ հայրենիք, ու պետությունը 6 ամիս կվճարի բնակարանի վարձը»,- ասաց Թուրքիայից հարկադիր վերադարձած Գոհար Առաքելյանը:
Դերձակուհի Գոհարն ասաց, որ իր համար հայրենի հող ու ջրում ապահով է, վերադարձի ցանկություն միշտ է ունեցել, բայց նրա խոսքով՝ հիվանդության, բուժման ու հանգամանքների բերմամբ հետաձգվել է: Պատմեց, որ Թուրքիայում միշտ բախվել է այն խոսակցությանը, թե սրանք մեր հողերն են, ոչ թե ձեր: «Մի օր անգամ տղաս ասաց՝ ա՛յ մամ, այնքան կխոսես, քեզ մի տեղ կսպանեն, կթաղեն, հողերն էլ չես ստանա»:
Կարի մեքենա, կտորներ՝ դերձակուհին իր մասնագիտական իրերն ու հագուստները դեռ այդ երկրից բերել չի կարողանում. գումար պետք է վճարի, բայց ասում է՝ երբ հաջողվի կարի մեքենան բերել, կսկսի աշխատել:
«Ես չեմ գնա Հայաստանից, ինչ էլ լինի՝ ես չեմ գնա արդեն, ես եկել եմ ու մնացել եմ, մնալու եմ: Բարձրագույն կրթություն ունեմ, երևի երեխաներ վերցնեմ-պարապեմ, ինչ-որ մի բան կանեմ, Աստծուն փառք, մեր հայկական ասացվածքով ասած՝ ձեռքս քարի տակ չի»,- ասաց Առաքելյանը:
Գոհար Առաքելյանն ընդգծեց, որ անհանգիստ է ապրել այդ երկրում՝ միշտ հայրենիք վերադարձի մտքով: Գնալու պատճառն էլ եղել էր այն, որ այդ տարիներին, նրա խոսքով, բարդ էր, աշխատանքի խնդիր կար, իսկ թե ինչու գնաց հենց Թուրքիա՝ ասաց՝ ավտոբուսի տոմսն էր էժան: Հիմա տանն արդեն սկսել է կտորներ գնել ու ձեռքով զգեստներ կարել:
Միգրացիոն ծառայությունը հրատապ աջակցության վերաինտեգրման ծրագրով մեկ տասնյակ շահառու ունի: Նախագիծը մեկնարկել է այս տարվա առաջին կեսից: Նելլի Դավթյանը նշեց, որ վեց ամսով են փոխհատուցում բնակվարձը, քանի որ նկատի են ունեցել, որ այն առավել դժվար փուլն է մարդու կյանքում, երբ ինքը բոլոր սոցիալական կապերը խզած վերադառնում է նորից իր երկիր և կարիք ունի աջակցության, որ ոտքի կանգնի, զբաղվածություն գտնի, կարողանա իր կյանքը նորից վերադասավորել հայրենիքում:
«Ծրագիրն ունի երկրորդ կոմպոնենտը, որով խորհրդատվական ուղղորդիչ ծառայություն ենք մատուցում մեր շահառուներին, օգնում ենք նրանց լուծելու իրենց բոլոր հարցերը պետական տարբեր գերատեսչությունների հետ: Շատ-շատերը երեք տասնամյակ անց են կացնում ՀՀ սահմաններից դուրս և հետո արդեն ընդլայնված՝ ընտանիքով, վերադառնում են: Այդ պարագայում մենք հարկ համարեցինք այս տեսակ աջակցություն հատկացնել նրանց»,- ասաց Դավթյանը::
Ընթացիկ տարվա հունվար-հունիսի առաջին կիսամյակում Միգրացիոն ծառայությունը 350 ռեադմիսիոն հայց է ստացել մոտավոր 600 անձանց վերաբերյալ:
Նելլի Դավթյանը տեղեկացրեց, որ նրանց շատ փոքր տոկոսն է իսկապես վերադարձվել հայրենիք, մինչև տարվա վերջ մոտ 4 տասնյակ անձանց էլ կօգնեն վերադառնալ: Նա տեղեկացրեց, որ համավարակի ընթացքում շատ չեն եղել Հայաստանի քաղաքացի հանդիսացող անօրինական միգրանտները, որոնք ուղարկող երկրի ծախսերով հարկադիր վերադարձվում են մեր երկիր: Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ ԵՄ գործընկերները հետաձգում էին չարտերները:
Հայաստանը ռեադմիսիոն համաձայնագրեր է կնքել մի շարք երկրների հետ: Սեպտեմբերի 18-ին խորհրդարանն ընդունեց ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակում Գերմանիա, Բենիլյուքսի երկրներ և Բուլղարիա երկկողմ կիրարկման արձանագրությունները վավերացնելու օրինագծերը:
«Ռեադմիսիոն համաձայնագրով ընդհանուր սահմանվում է, որ երկիրը պարտավոր է իր քաղաքացիներին, որոնք անօրինական հիմունքներով գտնվում են երկրի սահմաններից դուրս, հետ ընդունել, իսկ կիրարկման արձանագրություններն արդեն սահմանում են այն տեխնիկական դետալները, ըստ որոնց պետք է վերադարձը կազմակերպվի»,- ասաց Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը:
Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարի ևս Միգրացիոն ծառայությունը Կառավարությանը կներկայացնի բյուջետային հայտ՝ հրատապ աջակցության վերաինտեգրման ծրագրի իրականացումը շարունակելու համար: