Այսօր աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարի հետ միասին այցելեցինք դպրոցներ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Այցի առաջին կանգառը Վերին Գետաշեն համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցում էր, որտեղ սկսվող նոր ուսումնական տարին նշանավորվեց նախակրթարանի բացմամբ:
Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նախակրթարանի հիմնման ընդհանուր բյուջեն կազմել է 11 միլիոն 949 հազար դրամ, որից 4 միլիոն 820 հազար դրամը կազմել է Վերին Գետաշենի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Մնացած գումարը ներդրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԾԻԳ-ի կողմից: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի հունիսից և ավարտվել օգոստոս ամսվա ընթացքում:
Նախակրթարան են հաճախում նախադպրոցական տարիքի 25 երեխա:
Խոստացա աջակցել գույքի ձեռքբերման և ջեռուցման խնդիրների կարգավորման հարցերում:
Արդեն երրորդ տարին է՝ Գեղարքունիքի մարզում նախակրթարաններ են բացվում, այս տարի դրանց թիվը 5-ն է: Դրանք գործելու են Վարդենիսում, Երանոսում, Լուսակունքում, Վերին Գետաշենում և Գավառում: Նման ծրագրերի իրականացմամբ մենք կարողանում ենք նաև մանկապարտեզների հետ կապված խնդրները որոշակիորեն լուծել և տարիքային այդ խմբի երեխաներին ուղղորդել դեպի նախակրթարաններ:
Մարզում այս տարի ևս 12 մանկապարտեզ է կառուցվում, և բնական աճի հետ զուգընթաց մենք փորձում ենք մեր համայնքներում արագ կարգավորել մանկապարտեզների և նախակրթարանների վիճակը, որպեսզի մեր մարզում ոչ մի երեխա դուրս չմնա նախադպրոցական կրթությունից»,- գրել է մարզպետը։