Սահմանապահ Չինարիի առաջին դասարանցիներն են: 7-ից երկուսը շտապել են տուն, մյուսներն էլ մաթեմատիկայի դասն ավարտել ու ֆուտբոլի դաշտ են վազել: Սահմանից հնչող կրակոցները սովորական են անգամ փոքրերի համար, այնքան սովորական, որ չեն խաթարել նրանց երազանքները:
Մեկը ոստիկան կդառնա, մյուսը՝ զինվորական, երրորդն էլ, գուցե՝ գյուղապետ կամ ճարտարապետ: Չինարիի դպրոցն ունի 78 աշակերտ: Դպրոցի տնօրենը դժվարությամբ, բայց հարմարվել է կորոնապայմաններում կրթության կազմակերպմանը:
Գրետա Դալլաքյան (Չինարիի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Երեխաները, պահպանելով հեռավորությունը՝ դիմակներով եկել են, կազմակերպել ենք նաև նրանց ողջույնի խոսքը: Հիմա դասընթացները գնում են նորմալ հունով:
Դրսում խաղալիս առանց դիմակի, բայց դպրոցի ներսում դիմակը պարտադիր է: Տիկին Դալլաքյանն անձամբ է մտնում դասարան առ դասարան, հետևում, որ դիմակը չհանեն: Ուսուցչին ուշադիր լսող Նարեկը դիմակով կրթությանը դեմ չէ, ասում է՝ 40 րոպե դիմակով կնստի, որ դասը հեռավար չանի:
Նարեկ Ծերունյան (Չինարիի դպրոց աշակերտ) - Դիմակով որ դասի եմ նստում, ինձ ընդհանրապես նեղություն չի տալիս, ու ինձ ավելի հարմար ա էսպես, քան օնլայն ձևով:
Ազատամարտիկ Վահրամ Սաղոյանի անունը կրող երկհարկանի դպրոցում աշունը սկսել են ակտիվ շինարարական եռուզեռով. սահմանապահ գյուղի շինարարները դպրոցում կառուցում են նոր սանհանգույց, պատրաստվում են գազիֆիկացնել ու նորոգել նաև գրադարանը:
Գրետա Դալլաքյան - Մեր ջեռուցման համակարգը կենտրոնացված էր, բայց գազիֆիկացված չէր՝ փայտով էր, և, հուրախություն մեզ, բաքսիներ կդրվեն և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ նկուղային հարկերում:
Հակառակորդի մշտական կրակոցների տակ հայտնվող գյուղի դպրոցը երեք մուտքով ապահով սենյակ էլ ունի, արկերի բեկորները երեխաներին չհասնելու համար ապաստարանն էլ են ամրացնում, երկրորդ պատ ավելացնում:
Գրետա Դալլաքյան - Այս տարիների փորձը ցույց տվեց, որ այդ առումով ևս մենք կարողանում ենք կազմակերպել երեխաների ապահովությունը, համայնքի երեխաների ապահովությունը, արդեն գիտեին՝ ինչպես պետք է պատսպարվել:
Հուլիսյան դեպքերի ժամանակ, բարեբախտաբար, գյուղի դպրոցը չէր տուժել, բայց հրետանու արկը հասել էր հարևան հողաթմբին, որի վրա դեռ կանգուն է սիրո խոստովանության մասին ցուցանակը: