Արցախում մեկնարկել է խաղողի բերքահավաքը: Առկա 1800 հեկտար այգուց բերքի տակ է մոտ 1500 հեկտարը: Տեխնիկական սորտերից Արցախում հիմնականում մշակում են խնդողնի, բանանց, կանգուն և ռքածիթելի:
Վիլեն Ավետիսյան, Արցախի գյուղատնտեսության նախարարի տեղակալ - 253 հեկտարի վրա արդեն բերքահավաքի աշխատանքներ են իրականացվել, համախառն բերքը կազմել է 2400 տոննա, միջին բերքատվությունը 94 ցենտներ` մեկ հեկտարից:
Անջրդի պայմանների համար 9,4 տոննա միջին բերքատվությունը լավ ցուցանիշ է,- գնահատում են Արցախի գյուղոլորտի պատասխանատուները: Իսկ ահա Սոս գյուղից Վլադիկ Բաղրյանը ռեկորդային բերք է ակնկալում՝ հեկտարից մոտ 30 տոննա:
Վլադիկ Բաղրյան, մենատնտես - Երևի ինչքան որ խաղողով զբաղվում եմ, այս տարի է, որ շատ առատ բերք կա: Սիրուն կազմակերպվում է, տանում ենք, ընդունում են նորմալ:
Խաղող մթերողներին Արցախի գյուղատնտեսության նախարարությունն անտոկոս վարկ է տրամադրել, հորդորել չմերժել ոչ մեկին, նաև վերանայել գները:
Աշոտ Բախշիյան, Արցախի գյուղատնտեսության նախարար - Տոկոսները պետությունը սուբսիդավորել է և փոխարենը պայմանավորվել ենք, որ մթերումն իրականացվի ավելի բարձր գնով, քան իրենք նախատեսել էին մինչ աջակցությունը և մթերումը լինի անխափան:
Տեխնիկական սորտերը գործարաններն ընդունում են 140-ից 145 դրամով՝ կախված խաղողի շաքարայնությունից: Մինչև այդ գինեգործ Գարիկ Ալեքսանյանն է համոզվում, որ ժամանակն է հավաքել խաղողը:
Գարիկ Ալեքսանյան, գինեգործ - Մինչև բերքահավաքն սկսելը նախօրոք գնում եմ, ստուգում խաղողի քաղցրությունը, երբ արդեն քաղցրությունը համապատասխանում է, սկսում ենք ընդունել:
Արցախի գործարանները խաղողի դիմաց վճարումները կատարում են տեղում՝ անմիջապես բերքը հանձնելուց հետո: