Ազգային ժողովում «Կինեմատոգրաֆիայի մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը հայտնեց, որ գործադիրը տվել է առարկությունների և առաջարկությունների մեծ փաթեթ: Նա ընդգծեց, որ օրենքն անհրաժեշտ ու կարևոր է նախ այն պատճառով, որ Հայաստանը կրեատիվ Եվրոպայի մեդիաբաղադրիչին կկարողանա միանալ միայն համապատասխան օրենքի առկայության դեպքում:
Խզմալյանի խոսքով՝ պետք է արվեստի ոլորտում առանձին ճյուղերի վերաբերյալ օրենքների ընդունման հարցում զգուշավոր լինել:
«Եթե անգամ օրենքը ուշադիր նայենք, կտեսնենք, որ մի մասով այդ դրույթները սահմանված են արդեն «Եվրոպական խորհրդի համատեղ արտադրության մասին» կոնվենցիայում: Մյուս մասը պարզապես լավ, դրական ցանկությունների ձևակերպումներ են»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով.
«Առաջարկը հետևյալն է՝ եկեք գործող օրենքները կատարելագործենք, շտկենք բոլոր այն բացերը, որոնք խոչընդոտում են ոլորտի զարգացմանը, այնուհետև քննարկենք նպատակահարմարությունն առանձին նոր օրենք ունենալու: Սա չի վերաբերում զուտ «Կինոյի մասին» օրենքին, որովհետև ունենք միջազգային համագործակցության ընդլայնման կարևոր պայման»:
Սկզբուnքային հարցերից Խզմալյանն առանձնացրեց ավելացված արժեքի հարկի մեղմացումը կամ վերացումը, որը, ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով, հակասում է գործադիր իշխանության քաղաքականությանը՝ չտալ առանձին ոլորտներին հարկային արտոնություններ:
«Սա ընդհանուր առմամբ բարդացնում է հարկահավաքման ընթացքը և անորոշ է դարձնում հարկահավաքման հասցեականությունը: Բացի նրանից, որ մենք դեռևս չունենք հստակ կանխատեսումներ, թե ավելացված արժեքի հարկի վերացման ինչ ներդրումային միջավայր ենք ձևավորելու, ինչ մեթոդով և սկզբունքով ենք կանխատեսում ավելացված արժեքի վերացման հնարավոր արդյունքները, այս հարցը բաց է, և այստեղ մենք խորքային ուսումնասիրման խնդիր ունենք: Գործադիրն առաջարկում է այս առումով գուցե դիտարկել առանձին ծրագրերի՝ նպատակային դրամաշնորհային ծրագրերի միջոցով ոլորտը խթանելու հավանականությունը»,- ասաց Խզմալյանը և ընդգծեց, որ պետք է կարողանան հստակ ձևակերպել, թե ինչու համերգային, թատերական գործունեության ասպարեզներում չեն սահմանվում ավելացված արժեքի հարկի արտոնություններ, բայց կինոարտադրության ոլորտում սահմանվում են: Նրա խոսքով՝ հիմնավորումների խնդիր կա:
«Օրենքը լուրջ կարիք ունի կանոնադրական բեռնաթափման. օրենքի մեջ մտել են պրոցեդուրաներ, որոնք միանգամայն կարգավորվում են այլ իրավական ակտերով, և օրենքն ընթացակարգային կանոնակարգային առումով բեռնաթափում պետք է ունենա»,- հավելեց փոխնախարարը: