Վանդալիզմ ու բարբարոսություն՝ մեծամորցիների գնահատականն է գիշերը տեղի ունեցածին: Առավոտյան եկեղեցի գնացողները զարմացել են՝ տեսնելով Հիսուս Քրիստոսի պղծված արձանը: Անհայտ անձինք կոտրել են արձանի գլուխն ու ձեռքերը: «Ընտանիք և համայնք» կազմակերպությունը, որը գտվում է Սբ. Ղազար եկեղեցու հարևանությամբ և որտեղ կանգնեցված է Հիսուսի արձանը, կատարվածի մասին իմացել է առավոտյան:
Թե ո՞վ կարող էր ձեռք բարձրացնել Քրիստոսի արձանի վրա, Սուրբ Ղազարի մոմավաճառը պատկերացում անգամ չունի: Հաճախ է նկատել, որ հավատացյալները նաև արձանի ու խաչքարերի մոտ են նկարվում, նույնիսկ չեն դիպչել: Իսկ այն վնասված տեսնելու մասին նույնիսկ չի էլ մտածել:
Սբ. Ղազարի հոգևոր սպասավորը, որը կատարվածի մասին ահազանգել է ոստիկանության Մեծամորի բաժին, ասաց՝ որևէ մեկին չի կասկածում, քանի որ երբևէ արտառոց բան չի նկատել: Ասաց նաև, որ տարածքում տեսախցիկներ չկան, չկա նաև գիշերային պահակ: Իսկ լուսավորությունը մինչև ժամը մեկն է:
Փաստի առիթով ոստիկանության Մեծամորի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Աշխատանքներ են ընթանում հանցագործին բացահայտելու և հայտնաբերելու ուղղությամբ: Կասկածյալներ դեռ չկան:
Տուֆակերտ՝ մոտ 2 մետրանոց արձանը Սբ. Ղազարի տարածքում տեղադրվել է 2000 թվականին: Հեղինակը՝ Ռուբեն Նալբանդյանը, ցավ ու ափսոսանք հայտնեց, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած ազգի մեջ կարող են Քրիստոսի արձանը պղծողներ լինեն:
Մեծամորցիներն արդեն դիմել են վարպետին՝ արձանը վերականգնելու խնդրանքով: Մանրակերտն ունի, գործը չի ուշացնի: